Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/68

Այս էջը հաստատված է

շքեղ ու փառավոր կառուցման համար, համայնքը պարտավոր էր զոհաբերել իր բոլոր նյութական, բարոյական և ֆիզիկական կարողությունները առանց խնայելու։

Այս համայնական զոհաբերողների կարգին մեջ արվեստագետին բաժին կմնար հանճարի ավելի մեծ թռիչքներով սլանալ անհունին, հավիտենականին և անծայրածիր երջանկությանց շնորհաբաշխ աստվածությանց անվան արժանի կոթողներ կանգնել։ Այսպես կպահանջեին աստվածությանց և մարդկանց մեջ միջնորդ կղերականությունը, այսպես կպահանջեր միամիտ հավատով տարված համայնքը. ուստի աստվածներին հաճելի լինելու բուռն ցանկությունը, հարուստից ոսկի, արվեստագետից հանճար և հասարակությունից աշխատանք ու քիտինք զոհաբերել կտրամադրեր։

Տնտեսական, քաղաքական և կրոնական անդիմադրելի ուժով ծնած ու հետզհետե զարգացած ճարտարապետական արվեստի զանազան ճյուղերը իրենց ծնունդ տվող պատճառների հատուկ զանազան ուղղություններ ստացան։ Այս զանազան ուղղությունները բնորոշելու համար սովոր ենք ասել տնտեսական, քաղաքացիական, կրոնական և այլն և այլն ճարտարապետություն։

Այս ուղղություններեն յուրաքանչյուր ունեցան նաև իրենց այլազանությունները կամ ճյուղերը, որոնց մեկուն, կրոնական ճարտարապետության մի ստորաբաժանումին մասնակի ուսումնասիրությունը պիտի լինի ներկա աշխատությանս նպատակը։

* * *

Գրեթե աշխարհի բոլոր կրոնները մարդուն սովորեցրին հոգվո անմահությունը և հավիտենական կյանքի գոյությունը։ Աշխարհի կյանքը հավիտենական անմահ կյանքի նախագավիթն էին համարում, ուստի այս աշխարհի վաղանցիկ կյանքից հետո էր, որ պիտի սկսվեր բուն կյանքը, որ հավիտենական էր։

Մեռնելեն հետո ապրելու համոզումը ծնունդ տվավ մեռելոց համար հավիտենական բնակարաններ շինելու գաղափարին նույնիսկ այս աշխարհի վրա։ Այս համոզման հետևանքն են երբեմնի այն հոյակապ արքայական դամբարանները, որոնց մեջ հաճախ կգտնվեին բացի սրահներն և մեծամեծ սենյակներն, որոնք արքայավայել կերպով կահավորված էին, նույնիսկ բոլոր պիտույքներով և կահավորություններով դասավորված խոհանոցներ։ Եթե հասարակ ժողովուրդը չէր կարող դամբարաններ շինել, այնուամենայնիվ յուր մի փոքրիկ գերեզմանի մեջ անգամ տեղավորված էին ապրելու հատուկ պիտույքներ և իրեղեններ, ինչպես զենքեր, զարդ ու զարդարանք։ Գտնվել են նաև գերեզմաններ, որոնց մեջ թաղված էին մեռելի հետ, մեջերը կերակուրներով լիքը զանազանակերպ ամաններ։ Հին ազգերի թողած հուշարձանների պեղումները բազմաթիվ օրինակներ տվին մեզ, յուրաքանչյուրին հավիտենական կյանքի մասին ունեցած համոզումները բացատրող և այդ ըմբռնումների համաձայն կառուցված դամբարաններ ու մեծ ու փոքր գերեզմաններ։

Կրոնական ճարտարապետության այս ճյուղը կամ ստորաբաժանումը այնքան կտարբերի պաշտաման հատուկ տաճարներու ձևերեն, որ այս ճյուղին առանձնապես դամբանական կամ գերեզմանական ճարտարապետություն (Architecture funéraire) անունը տվին ճարտարապետության գիտնական պատմաբաններ։

Այս ճյուղն ալ ունեցավ իր բոլորովին նախնական ձևը, բայց հետզհետե դարերի ընթացքում այնքան զարգացավ, որ գեղարվեստական գլուխ գործոցներ կանգնվեցին այս ճյուղին հատուկ։ Իհարկե, դարե դար զանազան ազգերի մեջ հանդերձյալ կամ հավիտենական կյանքի մասին համոզումներ փոխվեցան, սակայն մեռելոց համար հիշատակարաններ կանգնելու պահանջը մինչև այսօր մնաց անխուսափելի։

Իմ նպատակս չէ այստեղ խոսել ընդհանուր գերեզմանական ճարտարապետության մասին, թե ի՞նչպես սկսեց և ինչպես զարգացավ մինչև այսօր յուրաքանչյուր ազգի և ցեղի մեջ, և ի՞նչ հաջորդական ձևեր ու ոճեր ստացան իրենց դավանանքների և հավատալիքների պատշաճությամբ։ Այդ մասին հետաքրքրվողներ կարող են գտնել եվրոպական լեզվով գրված հոյակապ հատորներ։ Ես կուզեմ այստեղ, եթե ոչ լիակատար ուսումնասիրություն, գեթ հնար եղածին չափ նյութ մատակարարել հայոց գերեզմանական ճարտարապետության առաջիկայի ուսումնասիրություններին դյուրություն տալու համար։

Հայկական ճարտարապետության և գեղարվեստի զանազան մասեր փոքր ի շատե ուսումնասիրության և քննության առարկա եղել են հայ և օտար գիտնականների և բանասերների ձեռքում, իսկ մասնավորապես ուսումնասիրել հայոց գերեզմանական ճարտարապետությունը, դեռ ոչ ոքի մտքից անգամ չէ անցել։ Եթե երբեք պատահաբար հատուկտոր նյութեր էլ կան հրատարակված, նրանք էլ արվեստի, ոճի և դարաշրջանների տեսակետով բնորոշելու փորձ չէ եղած։

Նախաքրիստոնեական հայության գերեզմանական ճարտարապետության մասին խոսել, իմ կարծիքով գրեթե անկարելի է, որովհետև այսօր ձեռքերնիս ոչ մի շոշափելի կամ փաստացի ապացուցված աշխատություն չունենք հայ ժողովրդի կազմավորման մասին, սակայն ի նկատի ունենալով, որ Հայաստանի հողին վրա խիստ բազմաթիվ են նախաքրիստոնեական շրջանի գերեզմաններ, կարելի է նախապես անոնց այլազանություններեն նկարագրություններ և մի քանի օրինակներ դնել այստեղ, որոնց մեջ գուցե գտնվին նաև նախաքրիստոնեական հայկական գերեզմաններ․ գոնե ինձ համար հավանական երևցածները կմատնանշեմ վերապահությամբ, սակայն ընդհանրապես վերջին եզրակացությունը կթողում ավելի հմուտ մասնագետներին։

Բացի հայ և օտար մասնագետների ձեռքով, Սևանա ծովի ափերում, Լոռիի շրջանում հայտնագործված հին դամբարաններից և գերեզմաններից, որոնք ըստ ինքյան չափազանց հետաքրքրական բովանդակություն ունեցած են, ինձ հայտնի են Շիրակում և Այրարատի այլ գավառներում բազմաթիվ նախաքրիստոնեական բազմատեսակ շիրիմներ և գերեզմաններ, բայց նրանց մեջ դժվար է որոշել, թե ո՞րն է հայկականը և ո՞րն է Հայաստանի նախաբնիկներինը մինչև հայ ժողովրդի կազմավորումը։ Կան իհարկե դամբարաններ և գերեզմաններ, որոնց ձևը և հատկությունները կասկած չեն թողուր որ շատ հին են և նախահայկական բնիկների գերեզմաններ են, սակայն կան այնպիսիներ ևս, որոնք