Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/72

Այս էջը հաստատված է

մեջ։ Ըստ իս, հավանական է, որ հայոց հեթանոսութենեն ընդունված և սրբագործված բառ է մեռելոց անունով և թերևս նույն նշանակությունն ուներ ինչպես Եգիպտոսի մեջ, որ դեռ 5-րդ դարու մատենագրությանց մեջ գործածական է։

Տապանները առհասարակ քարե շինված էին, և իմ կարծիքով ամենաշատը հայոց մեջ գործածական եղեր է 6-7-րդ դարերը, իսկ անկեց հետո բացառիկ դեպքերու մեջ միայն գործածած։

Իմ տեսած տապաններուն մեջ մեկ տեսակ մը կար, որ պարզ երկար քառակուսի սնտուկ է, բոլորովին պարզ և արտաքուստ հազիվ կոկված, ինչ որ ապացույց է թե հողին մեջ պետք է թաղվեր, ոչ թե հողեն դուրս երևնար։ Խորությունը մոտավորապես 50—60 սմ. վրան կափարիչ չուներ, հավանաբար կորած կամ փճացած էր։

Մի ուրիշ տեսակը արտաքուստ կատարյալ երկար քառակուսի է, իսկ մեջը փորած 40-50 սմ խորությամբ մեկ կողմը լայն և մեկ կողմը համեմատաբար նեղ, անշուշտ լայն կողմը պետք է գլխուն կողմը լիներ, իսկ նեղ կողմը ոաքերուն։ Ոտքերուն կողմը փորվածքը անկյունավոր, իսկ գլխի կողմը՝ ամբողջ կիսաբոլորակ և հատակն ալ աստիճանաբար բարձր, այնպես որ, այդ սնտուկին մեջ դիակը փոխանակ ուղիղ հորիզոնականի, փոքր ինչ գլխին և թիկունքներու կողմե դեպի վեր թեքված պիտի պառկեր։ Այս տապանն ալ կափարիչ չուներ, որ գաղափար կազմեի անոր ձևեն վրա։

Ինչպես կերևի այս տապանները անպայման հեթանոսական էին, որովհետև ասոնց մնջեն գտնված են խեցեղեն ամաններ, գույնզգույն ուլունքներ և այլ ուրիշ առարկաներ, որոնք քրիստոնեական շրջանին գրեթե անսովոր են։

Այս տարի Արթիկ գյուղի մոտ գրեթե երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լմպատավանք ըսված հնագույն եկեղեցո արևելյան կողմը ցույց տվին ինձի քարե տապաններ, որոնք կարելի է ըսել դեռ տեղերեն չեն հանված։ Տեղի զառիվեր լինելուն պատճառավ անշուշտ վրայեն բավականին հողը վազելով շուրջը մի քիչ բացվեր է։ Նմանապես այս տապաններուն ալ կափարիչները անհայտացած են։ Անոնցմե մեկը, որ համեմատաբար ավելի անաղարտ մնացած է, բավականին կտարբերի մյուս տեսածներես։ Տապանին արտաքին ձևը հավասարակողմ երկար քառանկյունի է, իսկ մեջի փորվածքը բոլորովին տարբեր է նախապես նկարագրածս երկու տեսակ տապաններեն։ Իսկական մարդու ձևով փորված է մեջը, այնպես որ, գլուխը իրեն համար առանձին բոլորակ մի տեղ ունի, գլխի բոլորակին կհաջորդե փորվածքի լայնություն մը ուսերուն տեղավորելու չափ և անկեց վար երթալով հետզհետե անզգալի կերպով կնեղնա և ուղիղ մարմնին ձևը կստանա։ Խորությունը շատ քիչ է, հազիվ հազ տեղավորվի դիակը, այնպես որ, եթե կափարիչը ծածկվեր, մարդուն մարմնեն թերևս 1-2 սանտիմ բարձր կմնար կափարիչը։

Արդյոք այս տապանները հեթանոսական են թե՞ քրիստոնեական, ոչինչ հայտնի չէ, շուրջը կան շատ ուրիշ գերեզմաններ, որոնք ոչ միայն իրենց ձևերով 10-15-րդ դարու գերեզմաններ լինելը հայտնի են, այլև ունին հայերեն արձանագրություններ, որոնցմե կհասկցվի թե մեծ մասամբ բարձրաստիճան կղերներ են եղած և կամ վանքի միաբան հոգևորականներ։ Լմպատավանքը յուր ոճով և ձևով չի կարելի 7-րդ դարեն այս կողմը բերել, անպայման շատ հին ձև ունի, նույնիսկ իր վրա կան 5-րդ և 6-րդ դարերու եկեղեցիներու հատուկ ավանդական ձևերը։ Այս տապանները եկեղեցո արևելյան հարավային անկյունին հազիվ 2,5-3 մետր հեռու են, եկեղեցուն այնքան մոտիկ այսպիսի ձևով տապաններ, այն ալ ոչ այնքան հողին ներքև, ինձի ենթադրել կուտա, թե պետք է որ քրիստոնեական գերեզման լինին․ այս ենթադրությանս պատճառավ էր, որ քիչ առաջ ըսի թե հեթանոսական ձևով քարյա տապանները թերևս շարունակվեր են մինչև 7-րդ դար։ Մնացած գերեզմանները թեև բավականին չեմ հետազոտած, այնքան բնորոշ ձև չունին, բացի չորս հինգ օրորոցաձև տապանաքարերե, որոնք շատ պարզ են 12-13-րդ դարերե հետո կամ նույն դարերուն լինելնին։

Այստեղ գտա նաև մի շիրիմաքար կամ կոթող, որը անպայման 6-7-րդ դարերուն կպատկանի, այս մասին կխոսիմ քիչ հետո, ուստի նկատելի է, որ վանքի շինության հետ մեկտեղ գերեզմանոցը գոյություն ունեցեր է այստեղ և միշտ պահվեր է մինչև վանքի ամայանալը։

Գյուղացոց ոմանց պատմելով, վանքի հարավային կողմի լանջերուն վրայեն հաճախ գտնված են հին հեթանոսական գերեզմաններ, որոնց մեջեն ելած են կճուճներ, ուլունքներ և ուրիշ շատ հեթանոսական շրջանի հատկություններ ունեցող իրեղեններ։ Ուստի, կասկած չկա, որ հեթանոսական դարերուն Արթիկը և այս վանքի շրջակայքը բնակել էին հեթանոս ժողովուրդ, գուցե այս տապաններ ալ հեթանոսական մնացորդ են, թեև պատմական ակնարկներ ալ կան 5-6-րդ դարերուն, որ հայոց մեջ եղած են քարափոր տապաններու մեջ թաղվածներ։

Մահմուտճուկ գյուղին արևելյան կողմը հնագույն մի գերեզմանոց կա, ուր այժմ ալ գյուղացիք իրենց մեռելները կթաղեն. այս գերեզմանոցն իր վրա ցույց կուտա շատ խոր հնության նշաններ, բացի այն, որ կան հին խաչքարեր և 13-14-րդ դարերու արձանագրությամբ գերեզմանաքարեր, նաև անմիջապես այս գերեզմանոցին կից կա ընդարձակ մի տարածություն, որ բոլորովին հող չկա գետնին վրա, բնական հրաբխային կարմիր ապառաժներ են։ Այս բնական ապառաժին վրա տեղն ու տեղը փորված են բազմաթիվ տապաններ, երբեմն անջատ անջատ իրարմե մեկեն մինչև երկու մետր հեռավորության վրա, իսկ երբեմն՝ խումբ խումբ երքրեն մինչև վեց յոթը հատ անհավասար չափերով։ Ասոնց մեջ կան, որ պարզ երկար քառակուսի փորված են միայն ոտքերուն կողմը քիչ ավելի նեղ, իսկ մեծավ մասամբ կտեսնինք ճիշտ այնպես մարմնի ձևով փորված, ինչպես նկարագրեցի Լմպատավանքի մոտի տապանները։ Պահ մը կուզեի հավատալ որ այս գերեզմանները լինին քրիստոնեական, սակայն այդ փլվածքներու անկանոն ուղղությունները կամ արևելադրությունները զիս ավելի կհամոզեն հեթանոսական լինելուն։ Անոնց մեջ արևելքեն արևմուտք ուղղվածներ ալ կան և եթե ոչ բոլորովին, գոնե զգալի չափով հյուսիսեն հարավ ուղղվածներ ալ կան։