Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/78

Այս էջը հաստատված է

կարելի ասել, որովհետև գրեթե պատմական տվյալներ չունենք։ Արդեն 5-րդ դարում կաթողիկոսական աթոռը փոխադրված էր Դվին, հետո զանազան տեղեր՝ մինչև 1441 թվականը, երբ վերստին Էջմիածնի տաճարում հաստատվեց կաթողիկոսական աթոռը։ Ուրեմն, մոտ տասը դար (ի բաց առյալ Կոմիտասի և Ներսես 3-րդի կատարած շինությունները 7-րդ դարում), այս շենքը միանգամայն անտեր ու անխնամ մնաց, մինչև կաթուղիկոսական աթոռի Էջմիածին փոխադրվելը։ Ոչ միայն այս երկար ժամանակամիջոցին մեջ պատմագրական մի հիշատակություն չենք գանում Էջմիածնի տաճարի նորոգության կամ շինության մասին, այլ վերջին անգամ կաթողիկոսական աթոռ հաստատվելուց հետո իսկ, մինչև 1627 թվականը, դարձյալ շինարարական ոչ մի դույզն ձեռնարկ չի եղել։ 1627 թվականին է, որ Մովսես վարդապետ, որ հետո կաթուղիկոս դարձավ 1629 թ․, ձեռնարկել է տաճարի վերանորոգության, որի մասին Առաքել Դավրիժեցի պատմագիրը հետևյալ նկարագիրը կուտա.— «ըստ ամենայնի դատարկված է տաճարը, և կողոպտված յուր զարդերը, ոչ գիրք կար և ոչ զգեստներ, այդ պատճառով ոչ մի ժամասացություն չէր լինում, պատահական անցավոր ճանապարհորդների համար մի մահմեդական ձեթի ճրագ վառելով բեմի վրա կդներ, որպեսզի իրեն ողորմություն տան։ Հատակի սալերը ամբողջովին քանդված էին և մեծամեծ լուսամուտները բաց էին մնում առանց վանդակի և փեղկի, որով թռչունները մտնում էին ներս և աղտոտություններով լցնում։ Իսկ դրսի կողմից կաթուղիկեի գլուխը, տանիքը և պատերի երեսները ամբողջովին քարուքանդ եղած և քարերը թափված էին գետին՝ գետնի սալերը ևս ջարդելով և փչացնելով։ Մի ժամանակ տաճարին կից շինություններ էին շինված ու հետո քանդված, որով փլատակների կույտը մինչև յոթը կանգուն բարձրացած էր տաճարի շուրջը»։

Նախնական վիճակի նկարագրությունը մի քիչ մանրամասն գրեցի, որպեսզի այժմյան շենքի վրա եղող հետնագույն փոփոխությունները և ստացած վիճակը ավելի պարզ և հեշտությամբ համեմատելի լինի։ Ինչպես տեսանք, Առաքել պատմագիրն ասում է, թե նախքան Մովսեսի վերանորոգությունը, կաթուղիկեի գլուխը քանդված էր, տարակույս չկա, որ գմբեթի վերևի մասը այնքան քանդված էր, որ նույնիսկ ներքին կողմից գմբեթին վրա դեպի տաճարը նայող մի կլոր ծակ էր բացված։ Այս պատճառով է, որ Պարսկաստանի գերմանական ուղեկից Տեկտանդեր 1664 թ․ առանց ուշադրություն դարձնելու կաթուղիկեի վիճակին, ներքուստ գմբեթի մեջ բոլորշի պատուհան էր տեսնում կամ տեսնել կարծում. մինչդեռ այդպիսի բան չկա և չէր էլ կարող լինել։ Այժմ արտաքուստ շատ պարզ երևում է, որ մինչև կաթուղիկեի շուրջը եղած որմնասյուների հավասարությամբ քանդված էր գմբեթը և առաջի անգամ նորոգության ենթարկվեց Մովսես վարդապետի նախաձեռնությամբ, բայց հակառակ հայկական հին ոճին, որ թե՛ թմբուկները և թե՛ վերևի կոնաձև մասը բարձր չէին (հին օրինակ մնում է Հռիփսիմեի գմբեթը), ահագին բարձրություն և սրություն տված են արտաքուստ, որով ահռելի ծանրություն են պատճառած ներքևի գմբեթակիր չորս մույթերին։

Նկ․ 16․ Էջմիածնի տաճարի գմբեթը

Ոչ միայն տաճարի արձանագրություններից երևում է, որ ներքին գմբեթակիր մույթերը վերևի ճնշող ծանրության տակ վնասվելով քանիցս նորոգվել են և հաստացել, այլ և ներկայիս ևս հարավ-արևմտյան գմբեթակիր կամարները ճաքած են վերևի թմբուկի ծանրության տակ այնպես, որ առաջիկայում այդ ճեղքերը վտանգ են սպառնում շենքի ամբողջության։ Ոչ նվազ վտանգ է սպառնում Եղիազար կաթուղիկոսի (1680-1631 թ. թ.) շինած գմբեթներից մեկը՝ հյուսիսային կողմի աբսիդի վրա, որուն ծանրության տակ ճաքել է աբսիդի պատը մինչև պատուհանը։ Ահա այս անզգուշ ծանրաբեռնման պատճառով է, որ մի քանի տարի առաջ հարավային կողմի փոքր զանգակատունը ամբողջովին փլավ։

Եթե ուշի ուշով քննենք շենքի ճակատները՝ յուրաքանչյուր դարաշրջանի շինության և նորոգության հետքեր կգտնենք։ Հյուսիսային ճակատի վրա տակավին մնացել են 5-րդ դարու մնացորդներ, վերևի երեք ֆրոնտոններ, որոնք ճոխազարդված են պճղակներով 5-րդ դարից են մեզ հասնում, մնացած մասերի վրա վերևից մինչև ներքև, 7-րդ դարից մինչև մեր օրերը եղած նորոգությունները և կարկատանները շատ որոշ կերևին։ Ինչպես կերևի հաճախակի նորոգության ենթարկվել են