Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/79

Այս էջը հաստատված է

հարավային և արևմտյան ճակատները, որովհետև այդ ճակատների վրա 5-րդ դարու ոչ մի հետք չի մնացել, սակայն 7-րդ դարուց սկսած 11-12-րդ դարերի նորոգության նմուշները գոյություն ունենալուց հետո, խիստ ակնբախ են 17-րդ դարուց սկսած մինչև մեր օրերը եղած նորոգությունները, մասնավորապես ստորին մասերի վրա։

Նկ․ 17. էջմիածնի զանգակատան հարավային երեսը

Այս ավելի քան 12 դար անտերությունից քանդման և ավերման ենթարկված շենքը, իբրև մայր աթոռ այն հանգամանքը չէր վայելում ինչպես այժմ։ Ոչ միայն զանազան տեղափոխություն կատարել կարելի էր, այլ և, ըստ Ղազար Փարպեցու, Վահան Մամիկոնյան վերաշինում է տաճարը իբրև «գործ նախնաց իւրոց» (անշուշտ մոր գծով ինքզինքը Պահլավունի էր համարում) ոչ իբրև մայր աթոռ, հետևաբար, երբ 5-րդ դարու վերջերը աթոռը Դվին փոխադրեցին, այլևս ուշադրություն չդարձրին Վաղարշապատի վրա։ 7-րդ դարում Կոմիտասը ընդօրինակում է Վահանի տաճարի ձևը Հռիփսիմեի համար և նորոգություններ է կատարում կաթուղիկեի վրա։ Իսկ Ներսես Շինող իր կանգնած Զվարթնոցի մեջ մարմնացնում էր Վահանի եկեղեցիին ձևը քիչ ավելի ընդարձակելով։ Իսկ Ներսես 3-րդից հետո մինչև 17-րդ դարը այլևս ուշադրություն չդարձնելով, Առաքել պատմագրի նկարագրած վիճակին հասավ։

բ․ ՏԵՂԵԿԱԳԻՐ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԱՃԱՐԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱԲՍԻԴԻ ՎՐԱ ՀԵՏՆԱԳՈԻՑՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԶԱՆԳԱԿԱՏԱՆ ՀԱՆԿԱՐԾ ՓԼՉԵԼՈԻՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՎՆԱՍՎԱԾ ԱԲՍԻԴԻ ԵՎ ՈՒՐԻՇ ՓՈՔՐ ՄԱՍԵՐՈԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ

Էջմիածնի տաճարի վրա, 1682 թվականին Եղիազար կաթողիկոսի ձեռքով կանգնված երեք փոքր զանգակատներեն մեկը՝ հարավային աբսիդի վրայինը, անակնկալ կերպով փլած է 1921 թ. մարտի 27-ի առավոտյան ժամը 4-ին, և փլուզման ցնցումով ու քարերու միմյանց բախումով մեծապես վնասվել էր ներքևի հնադարյան աբսիդը։

Վանքի միաբանությունը հետաձգել էր փլած և վնասված մասերի վերանորոգումը, միայն բավականացեր էր նույն տարին փլատակը մասամբ մաքրելով և աբսիդի վրան մի թեթև փայտյա ծածկ դնելով։

Այս տարի, միաբանությունը թե՛ զանգակատան և թե՛ ուրիշ հարկ եղած մասերի նորոգության համար, կազմել էր մի շինության հանձնաժողով, նախագահությամբ Մեսրոպ արքեպիսկոպոսի և անդամակցությամբ Խորեն և Բագրատ արքեպիսկոպոսների։

Հանձնաժողովը ի նկատի ունենալով տաճարի թե պատմական և թե գեղարվեստական նշանակությունը, մանավանդ նրա բազմադարյան հնությունը, որոշեց հրավիրել Հայաստանի գլխավոր ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանին՝ նախնական խորհրդակցության և տաճարի մանրամասն քննության համար, որից հետո կազմել ըստ պատշաճի վերանորոգության ծրագիրը։

Ակադեմիկոս Թամանյանն առաջին այցելության ժամանակ, կարգադրեց որ նախապես բոլոր խախտված և վտանգավոր դարձած մասերը՝ լուսանկարելե և մանրամասն չափագրելե հետո, քանդվեն և խնամքով մաքրվին, որպեսզի հնարավոր լինի լուրջ քննության ենթարկել տաճարն իր բոլոր մասերով։

Այս կարգադրության հիման վրա անմիջապես գործի ձեռնարկվեցավ ներկա 1923 թ․ օգոստոսի 2-ին, և ակադեմիկոս Թամանյանի կողմից արվեստագիտական աշխատանքներին ղեկավար նշանակվեցի ես։

Չափագրելու, քանդելու և մաքրելսւ աշխատանքները տևեցին մոտավորապես երկու շաբաթ, որից հետո