Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/8

Այս էջը սրբագրված է

Հատկապես փոխազդեցությունների խնդրում հեղինակը միանգամայն գիտական ճիշտ տեսակետի վրա է կանգնած։ Նա մի կողմից քննադատության է ենթարկում Արևմուտքի աոաջ գլուխ խոնարհողներին, որոնք հայկական ճարտարապետությանը վերադրում են միայն պասսիվ դեր, և մյուս կողմից էլ քննադատում է նրանց, ովքեր ազգային սնապարծությամբ ամենուրեք հայտարարում են, թե հայկական ճարտարապետությունը ազդել է մեր հարևան ժողովուրդների և այլ երկրների ճարտարապետության վրա և ինքը մնացել է միանգամայն անաղարտ վիճակում։ Թորամանյանն ընդունում է, որ հայկական ոճի զարգացումը սերտորեն կապված է հարատև փոխազդեցությունների հետ, երբ հարևան մողովոլրդների համատեղ գործունեությամբ աոաջ է ընթանում ոճերի զարգացումը։

Աոաջին բաժնում ենք տեղավորել նաև մինչև այժմ աչքաթող արված գերեզմանական ճարտարապետությանը վերաբերող միանգամայն ուշագրավ մի հոդվածը։ Ժողովածուի երկրորդ բաժինը նվիրված է ճարտարապետական առանձին հուշարձանների մեծ մասամբ համառոտ բնութագրմանը։ Այստեղ կան նյութեր, որոնք վերաբերում են էջմիածնի և Տեկորի տաճարներին, ինչպես նաև Զվարթնոցին, սակայն նրանք իբրև նոր նյութեր այս կամ այն չափով լրացնում են Թորամանյանի աշխատությունների առաջին հատորի մեջ հրատարակված ուսումնասիրությունները։ Նույն բաժնի վերջում դրել ենք այբբենական կարգով դասավորված հուշարձանների համառոտ մի ցուցակ, որն աշխատել ենք ըստ հնարավորին պատկերազարդել, որպեսզի մինչև այժմ չուսումնասիրված մի շարք ճարտարապետական կոթողներ այս կամ այն չափով հայտնի դառնան մեր գիտական գրականությանը, թեև ցուցակն ըստինքյան խիստ թերի է և բովանդակության տեսակետից միանգամայն անմշակ։

Երրորդ բաժինն ընդգրկում է հեղինակի հնագիտական ուղևորություններինրին վերաբերող բոլոր հուշատետրերը, տեղեկագրերը և դիտական նշանակություն ունեցող նամակները, որոնք բոլորն էլ ունեն գիտական նշանակություն այն իմաստով, որ պարունակում են ուսումնասիրական և չափագրական բազմաթիվ մանրամասնություններ. դրանք հիմք են ծառայել հեղինակին հանգելու այս կամ այն եզրակացությանը։ Բայց, ցավոք սրտի պետք է նշենք, որ Թորամանյանը սովորություն չի ունեցել կանոնավոր կերպով ծոցատետրեր և կամ օրագրեր պահելու, իսկ նրա ունեցած ծոցատետրերի մի մասն էլ ոչնչացել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Ահա թե ինչու այստեղ տպագրում ենք միայն երեք ծոցատետր, որոնցից երկուսը վերաբերում են 1909 թվին, իսկ երրորդը 1914 թվին։ Այդ թերին կարողացանք մասամբ լրացնել հեղինակի տանը, Հնությունների Պահպանության կոմիտեի և այլ հիմնարկների արխիվներում պահպանված զեկուցագրերով ու տեղեկագրերով, որոնք բոլորն էլ հրատարակվում են առաջին անգամ և պարունակում են որոշ գիտական նյութ։

Ժողովածուի չորրորդ բաժնում տեղավորել ենք Թորամանյանի կատարած հնագիտական պեղումների տեղեկագրերը և թանգարանային շինարարության վերաբերող նյութեր, իսկ բաժնի սկզբում զետեղել ենք նրա այն թղթակցությունները, որոնք վերաբերում են Անիում Ն․ Մառի կատարած պեղումներին։ Այս հատորի վերջում դրել ենք երկու հոդվածներ, որոնցից մեկը վերաբերում է Զվարթնոցի վերակազմության շուրջը եղած վեճերին, իսկ մյուսը՝ Խաչիկ վարդապետի պեղումներին, որտեղ հեղինակը սպանիչ քննադատության է ենթարկում նրան՝ պեղումեերի սխալ մեթոդիկա կիրառելու և գիտական պատրաստությունից զուրկ լինելու համար։

VIII