Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/91

Այս էջը հաստատված է

Մի՞թե մեր ժամանակակից արվեստագետների հետաքրքրության նյութ պիտի չլիներ և խորապես չքննեին թև զուտ տեղական տուֆ քարով և պարզ կիր ու ավազով շաղախված մի շենքի ավելի քան տասն և երեք դար կանգուն մնալուն գաղտնիքը ինչումն էր, և չի՞ կարելի օգտագործել այս տեղական շինվածանյութերը այնպես, ինչպես գործածել են ի հնումն, որով գուցե կարողանանք թե՛ խնայաղություն անել և թե՛ կյանք տալ մեր շենքերին։

Հռիփսիմեի տաճարի ընդհանուր տեսքը հարավից
Հռիփսիմեի տաճարի գմբեթը ներսից

Այս հազվագյուտ կոթողը, որ իրեն նախատիպ ունեցեր է 5-րդ դարուն Էջմիածնի տաճարը (նախկին տաճարը ձևափոխությունից առաջ) և 6-րդ դարուն Ավանի եկեղեցին, գերազանցեց բոլոր իր նախորդներին, և իր նրբաճաշակ համաչափական ձևերով ու վայելչություններով, հետագային մոտավորապես երկու դար, իբրե օրինակ ծառայեց նորոգ կանգնված շինությունների՝ առավել կամ նվազ հաջողությամբ, թե՛ Հայաստանի սահմաններում և թե՛ նույնիսկ սահմանից դուրս այլ երկրներում։ Հռիփսիմեի տիպի և նրա հարազատ ընդօրինակություններն են Թարգմանչաց, Կարսի, Ադիամանի, Երասխաձորի և 7-րդ դարու այլ բազմաթիվ հուշարձանները և Անիի Առաքելոց եկեղեցին՝ 10-րդ դարում։ Եվ զարմանալի կերպով բոլոր այս շենքերը մինչև այսօր կանգուն են, բացի մեկից՝ Թարգմանչաց տաճարից, որուն մնացորդ գմբեթի մասը դեռ երկու տարի առաջ ընկավ։

Բացի բնության արկածներից, քաղաքական փոթորկալի անցքերն ևս պակաս աղետներ չեն պատճառել Հռիփսիմեի շենքին, սակայն համառ կերպով կուրծք տալով վեհորեն կանգնել է այսօր, ի պարծանս կանգնող արվեստագետների տաղանդին և քնքույշ ճաշակին։ 16-րդ դարի կեսից մինչև 17-րդ դարի առաջին կեսը, ժամանակակից մատենագիրները ողբում են նրա անտեր ու քայքայման վիճակի մատնված լինելը։ 1652-53 թվականներին էր, որ մի լուրջ նորոգություն կատարվեց արտաքին երեսին․ կտուրին և գմբեթի ծածկին