Էջ:Armenian folk riddles (Հայ ժողովրդական հանելուկներ).djvu/18

Այս էջը սրբագրված է

ԱՌԱՋԱԲԱՆ

Հայ ավանդական հանելուկների ներկա համահավաք ժողովածուն ընդգրկում է տարբեր բնույթի տպագիր ու ձեռագիր աղբյուրներում առկա հայ ժողովրդական հանելուկների ողջ ժառանգությունր՝ համալրված վերջին ժամանակներում անմիջապես ժողովրդի կենդանի խոսքից գրառած նմուշներով: Ժողովածուի մեջ են մտել միայն բանավոր ավանդված բուն ժողովրդական հանելուկները, այնտեղ չեն ներառվել անանուն, բայց ակնհայտ գրական-անհատական ստեղծագործությունները, աշուղական կապանք-հանելուկները, քանակով թեպետ քիչ, բայց ժողովրդի մեջ առկա թվաբանական հանելուկներն ու առեղծվածային մանրապատումները: Վերջիններից ժողովածուի մեջ են առնվել մի քանիսը միայն, որոնք բնույթով արդեն մերձեցել են բուն ավանդական հանելուկներին: Ադպիսով ժողովածուն զգալիորեն միատարր է, որը հնարավորություն է ընձեռնել ընդգրկված նյութը ենթարկել դասակարգման միասնական սկզբունքի: Բանագիտությանը ցարդ հայտնի է հանելուկների գիտական դասակարգման երկու հիմնական համակարգ, մեկը՝ առարկայական դասակարգումն է, երբ հիմք է ընդունվում լուծման առարկան և նրա տակ են համախմբվում վերջինիս վերաբերյալ եղած բոլոր հանելուկներն իրենց տարբերակներով. մյուսը՝ ըստ հանելուկային բանաձևերի դասակարգումն է, երբ տվյալ հանելուկային կերպի շուրջն են միախմբվում տարբեր առարկաների մասին ասվող հանելուկների նույն կամ նման փոփոխակները: Առաջին սկզբունքով են կազմված այլ և այլ ժողովուրդների հանելուկների բազմաթիվ ժողովածուներ, որոնց մեջ աչքի է ընկնում Սադովնիկովի ռուսական հանելուկների ստվար հավաքածուն’: Դասակարգման երկրորդ եղանակը նոր ժամանակների արգասիք է և խարսխվում է մասամբ, այսպես կոչված, կերպաբանական (Typologie) մեթոդի վրա: Վերջինիս հիմնադիրն է Ռոբերտ Լեհման-Նիցշեն, որի կազմած Արգենտինյան հանելուկների ժողովածուն², դարձավ հանելուկների համակարգման կերպաբանական սկզբունքի հիմքն ու օրինակը: Ընդունելով, որ հանելուկը լուծման առարկայի հատկանիշների համեմատական վերարտադրություն է, Լեհման-Նիցշեն և նրա հետևորդները (Արչըր Թեյլոր և ուրիշներ) հենվում են այն հատկանիշների վրա, որոնք խտացված են հանելուկային բանաձևի մեջ: Ըստ այդ հատկանիշների համեմատության տեսակի, նրանք որոշում են հանելուկային կերպի հիմնաձևը և նրա տակ համա¬ խմբում տարբեր առարկաների մասին ասվող միևնույն հիմնաձևի բոլոր ենթաձևերը: Կերպաբանական համեմատության սկզբունքներով կազմված հանելուկների հավաքածուներն ու հետազոտությունները մեծ դեր են կատարում բանահյուսական տվյալ ժանրի ձևաբանական զարգացման պատմությունը յուր բոլոր օրինաչափություններով վերականգնելու և ուսումնասիրելու տեսակետից: Այս իմաստով էլ հիշյալ սկզբունքով կազմված ԼԼ. Թեյլորի անգլիական հանելուկների

1 .Загадки русского народа*. Сборник загадок, вопросов, притч и задач. Составил Д. Садовников. С.-Петербург. 1875. Տես նաև նույնի վերահրատարակությունը, Москва, 1960. 2 Robert Lehman-Nitsche, Adtvlnanzas rioplatenses, Buenos Aires, 1911.