Այս էջը հաստատված է

տոհմի Արցախում և Ուտիքում հիմնավորվելու ու շուրջ երկու դար հայոց նահանգները խառնակ վիճակում պահելու համար։

7-րդ դարի սկզբներին պարսից Խոսրով Բ Փարվեզի տոհմակից­ներից մեկը՝ Միհրանը արքայից արքայի վրեժխնդրությունից փախչելով (վերջինս մասնակցել էր արքայի հոր սպանությանը) 30 000 ընտանիք վերցրած հասնում է Գարդմանք և այնտեղ իշխող Առանշահիկներից տասներկու հոգու դավադրաբար կոտորում ու տեր դառնում գավառի մի մասին։

Միհրանին հաջորդում է որդին՝ Արամայելը, իսկ սրան էլ Վարդը, այնուհետև Քաջ Վարդանը։ Ամբողջ երկրին տիրելու համար վերջինս խնջույքի է հրավիրում Առանշահիկ 60 իշխանազունների և, բացի իր փեսայի՝ Առմիհր Առանշահիկի, դավադրաբար բոլորին կոտորել է տալիս։ Նվաճելով ամրողջ երկիրը, նա, իր իշխանությունը ամրապնդելու համար, կառուցում է Գարդման բերդը։

Առանշահիկները Գարդմանից դուրս մղվելով, ամրանում են Ար­ցախի լեռնային բավիղներում, շարունակելով պայքարը իրենց օրի­նական իշխանության պահպանման համար։

Չնայած տասնամյակներ տևած երկու տոհմերի միջև արյան վրեժին, երկրամասում արձանագրվել է նաև խաղաղ գոյակցության որոշ դրվագներ։ Հայկական միջավայրն իր բարերար ազդեցու­թյունն ունեցավ Գարդմանի նոր տերերի քաղաքական գործելակերպի և մշակութային արարումների վրա։ Այդ գործընթացը ավելի խո­րացավ քաջ Վարդանի որդիներ, քրիստոնեություն ընդունած Վարազ Գրիգորի և Ջիվանշիրի կառավարման շրջանում։

Միհրանյան տոհմի ամենակարկառուն ներկայացուցիչը՝ Ջիվանշիրը(637-683թթ.) երկիրը ղեկավարում էր հայկական օրենքնե­րով ու բարքերով։ Պատահական չէ, որ նա իր համար կին առավ Սիսական նահանգի իշխանի աղջկան։ Ջիվանշիրը փորձում էր շրջակա երկրների նկատմամբ վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն, անխաթար պահելով երկրի սահմաններն ու ներքին անդորրը։ Ընդունելով պարսից արքայի գերագահությունը, իր զորքերի գլուխ անցած կռվում է շահնշահի թշնամիների դեմ և անպարտելի հերոսի անուն վաստակում։ Քաջագործությունների համար Հազկերտը նրան հռչակում է ողջ Աղվանքի սպարապետ199։