Ռուսաստան, Բաթուի գլխավորությամբ, մյուս կողմից՝ դեպի Այսրկովկաս, Չարմաղանի գլխավորությամբ։
Այսրկովկասում մոնղոլներին դիմակայող միակ իրական ուժը՝ վրացական թագավորությունը, Ռուսուդան թագուհու որդի Դավթի և գահի օրինական ժառանգի՝ Գեորգի Լաշայի որդի Դավթի միջև իշխանության համար մղվող պայքարում արդեն կազմալուծվել էր։ Ներխուժելով Այսրկովկաս, Չարմաղանը բանակ է դնում Մուղանի դաշտում, որը դառնում է մոնղոլական ուժերի հավաքատեղի։ Մոնղոլ զորավարները վիճակահանությամբ Հայոց, Վրաց և Աղվանից երկրների տարբեր իշխանությունները միմյանց միջև բաժանելով, սկսեցին իրենց ավերիչ ասպատակությունները260։
Մոլար Նոյինին բաժին հասավ Հայաստանի հյուսիս-արևելյան գավառները։ Նա պաշարեց Շամքոր քաղաքը։ Մոնղոլները զգալի կորուստների գնով իրենց ձեռքն են գցում Շամքորը և ավերում։ Դրանից հետո, համարյա առանց դիմադրության, մոնղոլները գրավում են Քութայիս հեռացած Վահրամ Գագեցու տիրույթի մյուս բերդերն ու ամրոցները։
Տավուշ բերդի հարավային կողմում՝ Լորուտ գյուղի դիմաց, մոնղոլները գերեվարում են Վանական վարդապետին և նրա աշակերտներին, այդ թվում Կիրակոս Գանձակեցուն։
Վանական վարդապետին հետագալում հայերը փրկագնով ազատեցին, իսկ Կիրակոսին հաջողվեց գիշերով փախչել և վերադառնալ թշնամու կողմից մինչ այդ ավերված ու հրդեհված Գետիկի վանքը261։
Գրավելով հյուսիս-արևելյան Հայաստանի բնակավայրերը մոնղոլները տակնուվրա արին նաև Վրաստանը։ «Թաթարներն այնպիսի զարհուրանքներ արին, որ շատ վրացիք թողնում էին բերդերն ու ամրությունները և Կովկասյան լեռները փախչում»-լալահառաչ գրում է վրաց ժամանակագիրը262։
Հայ ֆեոդալների մի մասը իրենց տիրույթներից չզրկվելու և արյունահեղությունից խուսափելու համար որոշում են հպատակվել մոնղոլներին։
Նմանօրինակ առաջին փորձը կատարեց Իվանեի որդի Ավագ Զաքարյանը։ Մոնղոլները պաշարեցին Կայեն բերդը, որտեղ