Այս էջը հաստատված է

միացման վայրում բարձրանում է Ռմբասար գագաթը (3373մ)։ Հայտնի են նաև Սպիտակ քար (3300մ), Իծաքար (3125մ) գագաթները։

Լեռնաշղթաների նմանօրինակ դասավորությունը երկրամասին բերդի տեսք է տալիս։ Իրավացի է Արցախ աշխարհի զավակ, մեծ պատմաբան Լեոն. «Պատմությունը մեզ շատ փաստերով ցույց է տալիս, որ նվաճող ազգերի ահավոր հորձանքները գալիս ընդհարվում էին Ղարաբաղի լեռնաստանին, փշրվում էին ու ետ դառնում։ …Առանց Ղարաբաղի լեռնաստանի անհնարին է երևակայել Հայաստանի սրտի՝ այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը հյուսիսային և արևելյան տափաստաններից։ Բացի դրանից, մենք տեղեկություններ ունենք, որ երբ Արարատյան երկիրը հարձակման էր ենթարկվում արևմուտքից և հարավից (օր. օսմանցիների կողմից), նրա բնակիչները պաշտպանություն էին գտնում, թողնելով իրենց գյուղերն ու տեղափոխվելով Ղարաբաղի լեռնային ամուր տեղերը։ Այնպես որ Ղարաբաղը ոչ միայն իր սահմաններին մոտիկ գտնվող տեղերի, այլև Հայաստանի նույնիսկ հեռավոր կողմերի համար էլ պահապան միջնաբերդի դեր էր կատարում։ Դժբախտության մատնված հայ մարդը գիտեր, որ վերջին ապաստան կարող է գտնել Ղարաբաղի թանձրախիտ անտառների մեջ»2։

Պատահական չէ, որ վաղ միջնադարյան հայ պատմիչները Արցախը անվանում էին Արցախամուր աշխարհ4։ Գեղատեսիլ և անտառածածկ են Արցախի լեռները։ Նրանց բարձրադիր մասերը հիմնականում ծածկված են երփներանգ ծաղիկներով՝ պարուրված խոտային բուսականությամբ։

ԳԵՏԵՐՆ ՈՒ ԳԵՏԱԿՆԵՐԸ։ Արցախի լեռնաշղթաներն ու լեռները կտրտված տեսք ունեն և իրարից բաժանվում են անդնդախոր ձորերով ու հովիտներով, որոնք, իրենց գիրկն առած հարյուրավոր գետեր ու գետակներ, լեռնաշխարհին անզուգական ու անկրկնելի հմայք են տալիս։ Արցախի գետերն ու գետակները արագահոս, բայց ջրառատ չեն, հատկապես ամռան ամիսներին խիստ սակավաջուր են դառնում։ Սնման աղբյուրներ են հալուցքային ու անձրևային ջրերը, իսկ հիմնականում՝ լեռնային վճիտ աղբյուրները։