Այս էջը հաստատված է

Ասիայի արևելյան շրջանները, ստեղծեցին վարչական նոր միավոր­ներ։ Վրաստանը, Հայաստանը, Առանը, Շիրվանն ու Ատրպատականը կազմեցին մեկ կուսակալություն, որի կառավարիչն էր Չարմաղանը։ Այս կուսակալության կազմում էլ Վրաստանն ու Հայաս­տանի իշխանությունները կազմեցին վարչական մեկ ինքնուրույն միավոր, որը մոնղոլները անվանեցին Գյուրջիստանի վիլայեթ։

Մոնղոլական կայսրության մեծ խան Ուդեգեյը Չարմաղանին հանձնարարել էր մնալ տեղում և ամեն տարի մայրաքաղաք ուղարկել մեծ քանակությամբ ոսկի և թանկարժեք այլ ապրանքներ265։ Մոնղոլները դաժան հարկապահանջությամբ քամում էին նվաճված երկրների կենսատու ավիշը։ Դրանով չբավարարվելով, մոնղոլները հպատակ երկրների ազատագրական շարժումները կանխելու և դի­մադրական ուժից զրկելու համար կռվելու ընդունակ բնակչությանը զանգվածաբար ոչնչացնում էին կամ էլ այդ ուժերը օգտագործում էին նոր նվաճումների համար, նրանց մոնղոլական զորքերի առաջին շարքերում՝ ստիպելով կռվել յուրայինների դեմ։

«Անկասկած է,– գրում է Համադալլահ Ղազվինին,– որ եթե հազար տարվա ընթացքում որևէ այլ աղետ չլինի, մոնղոլական արշավանքների ու տիրապետության հետևանքները ուղղել հնարավոր չէ …»266։

Հպատակություն հայտնած Արցախի իշխանները նույնպես մասնակցեցին մոնղոլների կազմակերպած արշավանքներին։ Կարինի գրավմանը մասնակցում էր նաև Հասան-Ջալալը։ Իսկ Տիգրանակերտի գրոհման ժամանակ զոհվեց Վերին Խաչենի իշ­խան Գրիգորի որդին՝ Սևադան։

Ներքին Խաչենի տիրոջ Հասան-Ջալալի ճկուն քաղաքականու­թյան և մոնղոլ զորապետների նկատմամբ առատաձեռնության շնորհիվ Խաչենի հայությունը մի առ ժամանակ զերծ մնաց մոնղոլ­ների վարյագություններից։ Մոնղոլները առավել բարյացակամ դարձան Հասան-Ջալալի նկատմամբ, երբ Չարմաղանի որդի Բորա-նոյինը ամուսնացավ հայ իշխանի աղջկա՝ Ռուզուքանի հետ։

Հասան-Ջալալի միջնորդությամբ քիչ թե շատ ապահով և տանելի վիճակ ստեղծվեց հայկական մյուս գավառների համար։ Գերու­թյունից և անխուսափելի վախճանից փրկվեցին հարյուրավոր հայեր։