Այս էջը հաստատված է

Խաչենի լայնախոհ տիրոջ շնորհիվ Կիլիկիայի Հեթում Ա թագավորի և մոնղոլների միջև կնքվեց դաշնակցության պայմանագիր, որի շնորհիվ երկիրը փրկվեց վերահաս աղետից։

Շուտով իրավիճակը փոխվեց ի վնաս Հասան-Ջալալի և խաչենցիների։ 1242թ. սկզբներին Հայաստանում գտնվող մոնղոլական կուսակալ ամրացած Չարմաղանին փոխարինում է Բաչու զորավարը։ Վերջինս առավել մեծ չափերով էր օգտագործում հայերի զի­նական ուժը արևմտյան և հարավային Հայաստանը վերջնականապես նվաճելու համար։

Մշտապես կրկնվող պատերազմների ծախսերը փակելու նպատակով մոնղոլները ավելի սաստկացրին հպատակ ժողովուրդների հարկապահանջության գործը։ 1246թ. արևմտյան երկրներից կայսրության հասանելիք հարկերը հավաքելու նպատակով Գույուկ խաքանը Արղունի և Բուղայի գլխավորությամբ մեծ հանձնախումբ ու­ղարկեց Իրան և Այսրկովկաս։ «…Այս Բուղան,– պատմում է Կիրակոս Գանձակեցին,– որ եկավ թաթարական զորքերի մոտ, մտնում էր ավագանու տները և իրեն ինչ դուր է գալիս անխնա առնում էր, ոչ ոք չէր համարձակվում որևէ բան ասել նրան․․․»267։

«Եվ բոլորից պահանջում էին խստագույն հարկեր ավելի քան մարդը կարող էր տալ, սկսեցին աղքատացնել և նեղել անհնարին չարչարանքներով և տանջանքներով և մամլակներով։ Եվ թաքնվո­ղին բռնում և սպանում էին, և ով չէր կարող հարկը վճարել նրանց ե­րեխաներին էին վերցնում պարտքի դիմաց․․․»268։

Մոնղոլների վարած դաժան կեղեքման, բռնությունների և ահաբեկման քաղաքականությունը շուտով առաջ բերեց խորը ատելու­թյուն նվաճված երկրներում։

Դաժան հարկահանության դեմ մեծ դժգոհություն առաջացավ նաև Խաչենում։ Ապստամբները պատսպարվել էին անառիկ Խոխանաբերդում, որի դեմ մոնղոլները ոխ ունեին դեռևս 30-ական թվականներից։ Բուղան մեծաքանակ զորքով շարժվեց այնտեղ, քարուքանդ արեց Խոխանաբերդը, այնուհետև Դեդը, Ծիրանաքարը և այլ ամրոցներ։ Նա Հասան-Ջալալին ավագանու առջև պատիժների ենթարկեց։ Միայն հայ իշխանը շատ ոսկի ու արծաթ տալով հազիվ փրկվեց մահից269։