ԼԱՆԿ-ԹԱՄՈՒՐԻ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ: Հայության արնածոր վերքերը դեռ չէին սպիացել, երբ 14-րդ դարի 80-ական թվականներին Այսրկովկաս խուժեցին ոսկե հորդայի արյունարբու հորդաները։ Կոտորածների ու ավերածությունների ենթարկվեցին հատկապես հյուսիս-արևելյան Հայաստանի գավառները այդ թվում Ծարն ու շրջակաները։
Այդ իրավիճակում 14-րդ դարի վերջերին հայ ժողովրդի գլխին պայթեց չարիքներից մեծագույնը. սկսվեցին Լանկ-Թամուրի մահասփյուռ արշավանքները։
Մոնղոլական Բարլաս ցեղից սերված Թարաղայի որդի Թամուրը, Լանկ(կաղ) մականունով, լինելով խիզախ զորահրամանատար ու խորամանկ քաղաքագետ, իր շուրջը համախմբելով համախոհներին 1370թ. Միջին Ասիայում Սամարղանդ կենտրոնով ստեղծեց մոնղոլա-թուրքական ռազմա-ֆեոդալական պետություն։
Ստեղծելով հզոր ու մարտունակ բանակ Ոսկե Հորդայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի, Այսրկովկասի ու Փոքր Ասիայի երկրները դարձան Լանկ-Թամուրի հորդաների ոտքի կոխան։
1386թ. գարնանը նա գրավում է Թավրիզը, անցնելով Արաքսը, մտնում Սյունիք։ Նրա զորքերը տարբեր ուղղություններով արշավելով և կոտրելով կազմակերպված դիմադրությունը, կարճ ժամանակաընթացքում հասնում են մինչև Կարբի, Բջնի, Գառնի, Սուրմարի և Կողբ։