Այս էջը հաստատված է

Արցախի ընդհանուր մակերևույթը արևմուտքից արևելք թեք ուղղություն ունի։ Այդ պատճառով նրա բոլոր գետերը հոսում են արևմուտքից–արևելք ուղղությամբ՝ դառնալով Կուր և Արաքս գետերը սնուցող աղբյուրներ։

Արցախի գետերի ջրերը օգտագործվում են ոռոգման համար։ Սակայն Բաքվի խորամանկ քաղաքականության շնորհիվ այն հիմնականում բաժին էր հասնում դաշտավայրում գտնվող ադրբեջանաբնակ գյուղերին։ Երկրամասի գետերն ունեն նաև էներգետիկ նշանակություն։ Արցախի գետերի ջրերում կան բազմատեսակ քաղցրահամ ձկներ ևս։

Ամենամեծ գետն է Թարթառը (Տրտու)։ Այն սկիզբ է առնում Սևանի արևելյան ափերի լեռնապարների ու Ղարաբաղի լեռնաշղթայի ջրագոյացումներից և, անցնելով Մարտակերտի, Թարթառի և Բարդայի շրջաններով, թափվում է Կուր գետը։ Գետի երկարությունը 200կմ է։ Այս գետի վրա կառուցվել են Սարսանգի և Մադաղիսի հիդրոէլեկտրակայանները։ Թարթառի խոշոր վտակը Թրղի գետակն է։

Իր մեծությամբ երկրորդը Խաչեն գետն է։ Այն, սկիզբ առնելով Ղարաբաղի լեռնաշղթայի Կարմրասար լեռնազանգվածից, հոսում է Մարտակերտի շրջանի տարածքով։ Երկարությունը 119 կմ է։

Մարտակերտի և Շահումյանի շրջանների սահմանագծով հոսում է Կուր գետի ավազանին պատկանող Ինջա գետը։ Համեմատաբար խոշոր գետ է Կարկառը։ Այն սկիզբ է առնում Ղարաբաղի լեռնաշղթայից և հոսում է Շուշի քաղաքի մոտով՝ անդնդախոր կիրճով։ Ստեփանակերտի մոտ Կարկառին է միանում Քարին տակ գետը, իսկ Ասկերան քաղաքին չհասած՝ Բալլուջա և Բադարա վտակները։ Գետի երկարությունը 115 կմ է։

Նահանգի հարավային մասով հոսում են Խոնաշեն, Վարանդա, Ամարաս, Մեղրագետ, Իշխանագետ, Իգակ գետերն ու գետակները, որոնք համեմատաբար սակավաջուր են, իսկ ծայր հյուսիսային եզրագծով հոսում է Քուրակ գետը։

ԳԵՏԱՀՈՎԻՏՆԵՐՆ ՈՒ ԴԱՇՏԵՐԸ։ Արցախի կտրտված լեռնային մակերևույթը իր մեջ ներառում է հարուստ հողաշերտով գեղատեսիլ գետահովիտներ և ընդարձակ ու արգավանդ դաշտեր։