Այս էջը հաստատված է

Նշված ժամանակահատվածում Վերին Խաչենում շարունա­կում էին իշխել Դոփյան իշխանական տան ներկայացուցիչները։ Ճիշտ է, նրանք չունեին նախկին փառքն ու հզորությունը, բայց հին օրերի նախկին կարգի համաձայն տնօրինում էին գավառի հայության կյանքը։

14-րդ դարի 80-ական թվականներին Վերին Խաչենը ասպա­տակվեց Ոսկե Հորդայի խան Թոխթամիշի զորքերի կողմից։ Դոփյան իշխանական տունը ավելի թուլացավ և, ի տարբերություն Ներքին Խաչենի Հասան-Ջալալյաննների, 15-րդ դարի վերջերին և 16-րդ դարի սկզբներին բաժանվեց 3 ճյուղի՝ Շահանշենք, Աղբուղենք, Ջհանշենք։ Նրանցից էլ հետագայում սերվեց Մելիք-Շահնազարյան հայտնի գերդաստանը, որն իր գործունեությունը ծավալեց Վարանդա գավառում։

Հայ նախարարական տների զգալի մասը 14-15-րդ դարերում իրենց քաղաքական և տնտեսական դիրքերը զիջեցին Հայաստանին տեր դարձած քոչվոր ցեղերի ավագանուն։ Չնայած դրան Արցախի լեռնային գավառներում Առանշահիկների իշխանական տների առանձին ճյուղեր կարողացան դիմակայել եկվորների ճնշումներին և չնայած թուլացած ու տկարացած, բայց և այնպես կարողացան պահպանել դարեր շարունակ երկրամասում գոյություն ունեցած պետական ինստիտուտների կենսունակ բեկորները։

Պահպանվել է կարա-կոյունլու Ջևանշահի (1437-467թթ.) հրովարտակը, որով ճանաչվում է լեռնային Արցախի տեր մելիքների իշխանությունը։ Այս ժամանակից սկսած էլ հայկական աղբյուրնե­րում մելիքներ են կոչվում Արևելյան Հայաստանի գավառական իշ­խանները[1]։ «Մելիքը տեր էր, տիրապետող, այն էլ ինքնագլուխ ու միահեծան, ոչ ոք իրավունք չուներ ընկերանալ նրա իշխանու­թյանը։ Ամենուրեք պիտի հնազանդվեին մելիքին, կատարեին նրա հրամանները, որովհետև մելիքը բարձր իշխանության կողմից նշանակված իշխանավոր էր։ Իր կողմից մելիքը պարտավոր էր լինել արդարադատ, պիտի հոգ տաներ իր երկրի բարօրության մասին»278։ Չնայած Արցախի մելիքները իրենց տիրույթներում ունեին

  1. «Մելիք» սեմական ծագում ունեցող բառ է, որ նշանակում է իշխանավոր, տիրակալ, թագավոր։