Այս էջը հաստատված է

բարձրաստիճան ավագանու նիստ ու կացին, բայց մնալով միաժամանակ կատարյալ ժողովրդական մարդիկ, ժողովրդի մեջ ապրող և ժողովրդի հետ շփվող՝ առօրյա կյանքի բոլոր մանրամասնությունների մեջ։ Նրանք ունեին շատ խոշոր տնտեսություն և ծառաների հոծ բազմություն»291։

Երկրամասի անդորրը պահպանելու համար Արցախի մելիքները լեռնային անմատչելի ծերպերում ժամանակի ընթացքում կառու­ցել էին տասնյակ ամրոցներ, որոնք բազմիցս դիմակայել են ահարկու թշնամու գերազանցող ուժերին։

Շահ-Աբբասը մի կողմից խրախուսելով Արցախի մելիքներին և մյուս կողմից էլ նրանց միասնության մեջ վտանգ տեսնելով, հետագա բարդություններից խուսափելու նպատակով Պարսկաստանի խորքերից քրդական ցեղեր տեղափոխեց և բնակեցրեց Սյունիքի ու Արցախի մելիքությունների միջև՝ Արաքսի ափից մինչև Մռովի փե­շերը։ Այդ ժամանակներում տեղի էին ունենում նաև լեզվական ներ­թափանցումներ։ Եվ այսպես էր, որ Արցախի Բերդաձոր գավառը դարձավ Լաչին, Քարվաճառը՝ Քելբաջար, Ծարը՝ Զառի, Լեռնաբերդը՝ Լևի, Մոզը՝ Մոզքյանդի, Ջերմաջուրը՝ Իստիսու և այլն։

Տնվորի կեցվածքով եկվորները անմիջապես չկարողացան տեր դառնալ հայկական երկրամասին։ Դրա մասին է վկայում Քարավաճառի(Քելբաջարի) և Քաշաթաղի(Լաչին) շրջաններում ներկայումս պահպանվող 17-18-րդ դարերում կառուցված եկեղեցիների, մատուռների մնացորդները։

Չնայած դժնդակ ժամանակներին, Արցախի մելիքական տնե­րը, ապավինած լեռնաստանի անմատչելի բարձունքներին, չնայած տկար, բայց և այնպես շարունակեցին պահպանել հայկական պե­տականության բեկորները։ 17-րդ դարի երկրորդ կեսի և 18-րդ դարի սկզբների Արցախի մելիքությունների պատմության վերաբերյալ գրավոր սակավ տեղեկություններ են պահպանվել։ Դրան հակառակ՝ պահպանված եկեղեցիների, խաչքարերի, հասարակական նշանակության կառույցների՝ կամուրջների, աղբյուրների վիմագրերը լույս են սփռում վերոհիշյալ ժամանակաշրջանի պատմության մութ կողմերի վրա։

Վավերագրերից ու վիմագրերից հայտնի են այդ շրջանի մի շարք մելիքների անունները։