Այս էջը հաստատված է

Արցախի հայկական ինքնավարության տեղական մարմինների ազատագրական ոգորումները համընկան Պետրոս Մեծի հայտնի Կասպիական արշավանքի հետ։ Ռուսաստանը հետամուտ էր իրանական մետաքսի ամբողջ արտահանությունը Թուրքիայի ցամա­քային ճանապարհներից շրջելու Դնեպրի, Կասպից ծովի և Վոլգայի ջրուղին և գրավելու Պարսկաստանի ծովափնյա նահանգները։ Այդ նպատակի իրագործումը հնարավոր դարձավ, երբ Հյուսիսային պատերազմը մոտեցավ իր ավարտին։ Այս բանը դարձավ հրամայական, քանի որ օսմանյան Թուրքիան, օգտագործելով Իրանի ծանր դրությունը, իրեն հայտարարում էր Այսրկովկասի և Ատրպատականի «օրինավոր ժառանգորդը», սպառնալով զինակալել Սեֆյանների տիրազրկված երկրամասերը։

Այսպես նախորդ փուլերում սկզբնավորված և ամրապնդված հայ-վրաց-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը դիվանագի­տական ոլորտից անցավ կոնկրետ գործողությունների ասպարեզ, նպատակ ունենալով Այսրկովկասն ազատել Պարսկաստանի, ապա Թուրքիայի տիրապետությունից և Ռուսաստանի հովանավորության տակ ստեղծել հայ-վրացական միացյալ պետություն։

Համաձայն Պետրոս Մեծի հանձնարարականի հայ-վրացական միացյալ ուժերը ռուսների հետ հանդիպելու էին Շիրվանում, ուր շարժվում էին ռուսական զորքն ու նավատորմիղը։ Հայ և վրաց ռազ­մական ուժերի հանդիպումը տեղի ունեցավ Գանձակի մոտ՝ Չոլակ գյուղում 1722թ. սեպտեմբերի 22-ին։ Հայկական 10 հազարանոց ընտիր զորքին գլխավորում էին Եսայի կաթողիկոսը և Ավան, Շրվան, Շահնի ու Սարուխան հարյուրապետերը։ Եսայի կաթողիկոսը հայտարարեց, որ հայերը իրենց հոգիները, զավակներին և ունեցվածքը ի սպաս են դնում սկսած գործին306։ Բայց ռուսական ու վրաց-հայկական զորքերի նախատեսված հանդիպումն ու միավորումը չիրականացավ։ Մի կողմից միջազգային դրության լարվածության ուժեղացումը, մյուս կողմից ռուսական նավերի խորտակվելն ու վնասվելը, պարենի ու զինամթերքի հսկայական կորուստը, հիվանդություններն ու մարդկային զոհերը դժվարացրին արշավանքի ողջ ծրագրի կենսագործումը։

Այսրկովկասում դեպքերը զարգացան ի վնաս հայ-վրացական