Այս էջը հաստատված է

ապա թափանցեցին Գողթն, իսկ հարավում նվաճեցին Համադանը։ Չորս կողմից աքցանի մեջ առվեց Երևանը։ Չնայած քաղաքի հերոսական պաշտպանությանը, սեպտեմրերի 26-ին պաշար­ված Երևանը անձնատուր եղավ։ Երևանի անկումից հետո թուրքական բանակը առաջ շարժվեց և գրավեց Թբիլիսին, Ղազախը, Լո­ռին և մոտեցավ Գանձակին։

Երևանը գրաված թուրքական հրամանատարությունը հարկադրեց Էջմիածնի Աստվածատուր կաթողիկոսին՝ նամակ գրել Գանձասարի Եսայի կաթողիկոսին և խորհուրդ տալ նրան, որ նա համոզի Արցախի մելիքներին՝ պատգմավորներ ուղարկել թուրքական հրամանատարության մոտ և իրենց հպատակությունը հայտնել, այլապես նա սպառնում է մտնել Ղարաբաղ և կոտորել հայերին։

Ղարարաղի քաղաքական շրջանները որոշել էին մինչև վերջ կռվել թուրքական բանակի դեմ, ուստի և մերժեցին թուրքերի առաջարկը։ Թուրքական 4700 հոգուց բաղկացած զորքը Շահին, Սալահ և Ալի փաշաների գլխավորությամբ Գանձակի կողմերից մտան Վարանդա, տեղավորվելով գավառի 33 գյուղերում։ Տեղացիները զգալով, որ չեն կարող դիմադրել թվով գերակշռող թշնամուն, առերես ընդունեցին նրանց հպատակությունը և կեր ու խումից հետո Դիզակի մելիք Եգանի և Վարանդայի մելիքի աղջկա Գայանեի գլխավորությամբ, մի գիշերվա մեջ նախօրոք դրված պայմանով կոտորում են թուրքերին։ Գայանեն անձամբ ղեկավարում է գործողությունը Ավետարանոցում և ինքն էլ սպանում է իրեն հետապնդող Սուլեյման բեկին։ Եսայի Հասան-Ջալալյանի տեղեկությունների համաձայն միայն 150 ասկյարի հաջողվեց փախչել։ Ղարարաղցիները ազատեցին 200 գերիների և իրենց հերթին գերեցին Սալահ փաշային։

Թուրքերի դեմ մղվող պայքարում Արցախի հայության անկոտրում կամքի մասին է վկայում նաև Մարտիրոս եպիսկոպոսի 1726թ. հունվարին Դերբենդի պարետին ուղղված հետևյալ տեղեկությունը. «Թուրքական փաշան Գանձակից գրել է Սղնախների հայերին, որպեսզի նրանք ուղարկեն 5 տարվա հարկը, առաջարկելով՝ եթե դրամը ձեզ մոտ պատրաստ է, ուղարկեցեք, իսկ եթե պատրաստ չէ, ապա հաճեցեք պատրաստել բոլոր տարիների համար։ Իսկ եթե չու­ղարկեք, այն ժամանակ մենք կգանք և ուժով ձեզանից կվերցնենք։