Այս էջը հաստատված է

կռիվ է եղել իրենց բերդի մոտ և նրանք կոտորել են թուրքերից 800 հոգի, որոնց թվում երկու հրամանատարների։

Թուրքերը, ծանր հակահարված ստանալով, հետ են դարձել Գանձակ313։ Այս կռվի մասին ռուսաց արքունիքին մանրամասն տե­ղեկություն է հաղորդել Իվան Կարապետը։ Ըստ պատվիրակի տե­ղեկության, օսմանյան 40 հազարանոց բանակը լեզգիների օժանդակ ուժերի հետ միասին Սարը Մուստաֆա փաշայի գլխավորու­թյամբ 1726թ. աշնանը խորացել էր Ղարաբաղի մեջ։ Առաջին ճակատամարտը տեղի է ունեցել Շուշի բերդի շրջակայքում։ Թուրքական բանակի ճնշման տակ հայ զինվորականությունը Ավան հարյուրապետի գլխավորությամբ ամրացան շրջակա բերդերում։ Ներ­քին Սղնախների բնակչությունը պատսպարվում է Վերին Սղնախ­ներում։ Այնուհետև պատերազմական գործողությունների թատե­րաբեմը տեղափոխվեց Սիմեոն և Օհան հարյուրապետերի սղնախ­ների շրջակայքը։ Չորս օրվա համառ մարտերից հետո հայերը հաղ­թանակի հասան։ Այս կռվում սպանվեցին թուրքական բանակի երկու հրամանատարներ։ Ղրխչեշմե աղասին և Ենկիչար աղասին, իսկ Սարը Մուստաֆա փաշան փախուստի է դիմել314։

Հայ-թուրքական պատերազմը օրեցօր դառնում է ավելի կատաղի ու անխնա։ Արյունահեղ կռիվները, ինչպես գրում էր Մինաս վարդապետը, տեղի էին ունենում համարյա ամեն օր315։ Ուշագրավ է գեներալ Դոլգորուկովի 1727թ. մայիսի 11-ին իր կառավարությանը հայտնած այն զարմանքը, թե ինչպես են հայերը դիմանում ստեղծված դրությանը. «Միայն աստված էր պահպանում հայերին, թե չէ՝ մարդկային խելքից բարձր է հասկանալ, թե դեռ ինչպես են նրանք պահվում այդքան զորեղ թշնամու առաջ»316։ Այնուհետև ռուս գեներալը 1727թ. հուլիսի 26-ին գրում է. «Երրորդ օրն է, որ Սղ­նախներից այստեղ է եկել հայ Հակոբը, նամակով, որ ուղարկել են ինձ Ներսես կաթողիկոսը, Աբրահամը, Սարգիսը, Ներսեսը և Պետրոսը։ Նամակի մեջ նրանք գրում են ինձ, որ աստծո օգնությամբ, մեծ թվով թուրքեր են ջարդել, որի համար ես առաջիկայում ևս ամեն տեսակ բարիքներ եմ աստծուց մաղթում նրանց…»317։ Արցախի հարավային սահմաններում անհաջողության մատնված թուրքերը այս անգամ էլ փորձեցին խոցել երկրամասի հյուսիսային