Այս էջը հաստատված է

դարպասները։ Հայ զինվորականության հենակետներն էին դարձել Գյուլիստանն ու Ջրաբերդը։ Հայերը ոչ միայն դիմադրում էին, այլև հաղթական մարտերից հետո թշնամուն հարկադրում են նահանջել Գանձակ։

Չկարողանալով կոտրել սղնախների հայության համառ դիմադրությունը, թուրքերը փորձում էին երկպառակտություն առաջացնել ազատագրական շարժման առաջնորդների միջև, նույնիսկ կաշառքներ էին առաջարկում Եսայի կաթողիկոսին։

Ազատագրական մաքառումների ամենաթեժ պահին՝ 1728թ. վախճանվեց Եսայի Հասան -Ջալալյանը։

Կաթողիկոսի մահից հետո ռուսական կառավարության սին խոստումներից հոգնած և հետագա դիմադրությունը անհուսալի համարելով Ավան հարյուրապետն իր համախոհներով 1729թ. անցավ Ռուսաստան, ծառայության մտնելով ցարի բանակում։ Նրան հետևելով, 1730թ. օգոստոսի 18-ին սղնախցիներից Դերբենդ են անցել 137 հայեր՝ հարյուրապետ Աբրահամի, Ալավերդիի, Բաղիրի, Սիմեոնի, եպիսկոպոս Պետրոսի և գնդապետ Գրիգորի հետ318։ Սղնախների առաջնորդների նման քայլը կորստաբեր եղավ լեռնաստանի հայության համար, բաց անելով աղետալի գաղթականու­թյան ճանապարհը, որն այնուհետև երկար ժամանակ դուրս էր ծծում երկրի կենսական հյութերը, թուլացնում և ուժասպառ անում նրան։ Հայաթափումն աննախադեպ ու մասսայական չափեր ընդունեց հատկապես Ծար գավառից։ Մի քանի տասնամյակների ընթացքում հայաշունչ այս գավառը գրեթե ամբողջովին հայաթափվեց։ Արտագաղթածների մի մասը հանգրվանեցին Վրաստանում։ Չիրքին գյուղի հայերը վերաբնակվել էին Տփղիսում, յանշաղցիները՝ Տփղիսից ոչ հեռու Տաբախմելիք(այժմ՝ Տաբախմելա գյուղը Գարդաբանի շրջանում) գյուղում, խութավանքցիների մի մասը՝ Շուլավերում։ Արդեն 1760-ական թվականներին շրջանի տարածքը գրեթե լիովին հայաթափ էր, բացառությամբ Խութավան գյուղի և երբեմնի եպիսկոպոսանիստ ու թեմական կենտրոն Դադի վանքի319։

Ծարի լեռնային արոտավայրերը դեպի իրեն է ձգում Կուր-Արաքսյան տափաստանում ծվարած մահմեդական քոչվոր խաշնարած ցեղերին։