Այս էջը հաստատված է

Ըստ Մուհամմադ-Քյազիմի, նա վանքի վերանորոգումը հանձ­նարարում է հմուտ վարպետների՝ հատկացնելով հազար թուման, տաճարը զարդարում 15կգ. կշռող ոսկե ջահով և կարգադրում Քիրմանի նահանգային սարքարարությանը ամենաընտիր գորգերը նվիրել Էջմիածնին331:

Հայ մելիքները ոչ միայն զորքերով էին մասնակցում թուրքերի դեմ մղվող կռիվներին, այլև միաժամանակ հայթայթում էին պար­սից բանակի համար անհրաժեշտ պարենն ու հանդերձանքը։ Թուրք տարեգիրը վկայում է, թե մելիք Եգանն էր կերակրում շահական ամբողջ բանակը, որքան ժամանակ որ նա մնաց Մուղանում332։

Հայերին սիրաշահելուց հետո, նրանց օգնությամբ 1735թ. հուլի­սի 8-ին Եղվարդի մոտ, Նադիրը ջախջախիչ հաղթանակ տարավ թուրքերի նկատմամբ։ Այս հաղթանակից հետո Նադիրը ասպատակեց Կարսից մինչև Կարին և Բայազետ ընկած հարյուրավոր գյու­ղեր ու քաղաքներ։ Օսմանյան կառավարությունը ի վիճակի չէր պատերազմը շարունակելու հզոր հակառակորդի դեմ։ Նա հարկադրվում է Նադիրի հետ Էրզրումում 1736թ. հաշտություն կնքել, որի համաձայն թուրքերը հանձնում են պարսիկներին Արևելյան Հայաս­տանը (Երևանը, Նախիջևանը, Ղարաբաղը), Վրաստանի մի մասը, Գանձակը, Շամախին և Ատրպատականը։

Թահմազկուլին պատերազմաական այս հաջողություններով նախապայմաններ է ստեղծում իրեն հռչակելու Իրանի շահ։ Նրա կարգադրությամբ սպանվում է շահ Թահմազը, այնուհետև մանուկ Աբասը։

Գահը թափուր տեսնելով, Թահմազ կուլին 1736թ. ձմռանը Մուղանի դաշտն է հրավիրում Իրանի և հպատակ երկրների հոգևոր ու աշխարհիկ մեծամեծերին և առաջարկում տերության շահ ընտրել։ Մուղանի »կուրուլթայը« միաձայն Իրանի շահ ճանաչեց Թահմազկուլուն՝ Նադիր-Շահ անվամբ։ Թագադրության հանդեսից հետո Նադիրը բարձր պաշտոններով և նոր ավատներով վարձատրեց մարտերում աչքի ընկած և հավատարմությամբ վստահության ար­ժանացած ամիրներին, խաներին և հայ մելիքներին։

Նադիրը քաջ գիտակցելով Ղարաբաղի հայերի ռուսասեր քաղաքականությունը և ժողովրդի ու հայ մելիքների այդ տրամադրու­թյուններին