ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ։ Խամսայի մելիքությունների կարգավիճակը շատ բանով կախված էր Իրանում տեղի ունեցող քաղաքական անցուդարձերից։
Նադիր շահի վարած ծանր հարկային քաղաքականությունը, անհաջող պատերազմները Դաղստանի և օսմանցիների դեմ, ավելի են բարձրացնում ժողովրդական ցասման ալիքը բռնակալի դեմ։ Նման պայմաններում 1747թ. դավադրաբար վերջ են տալիս Նադիրի խռովահույզ կյանքին։ Նրա սպանությունից հետո երկրում սկսվում է անիշխանության մի շրջան։ Ինչպիսի արագությամբ Իրանը իր հզորությանը հասավ Նադիրի օրոք, նույնպիսի արագությամբ նա դիմեց իր անկմանը նրա մահից հետո։
Կենտրոնական իշխանության բացակայության և գահի համար մղվող պայքարի հետևանքով Պարսկաստանի տարբեր մարզերի շատ իշխողներ անկախություն ձեռք բերեցին։ Ստեղծված խառնակ վիճակից օգտվեցին նաև շիա աղանդի քոչվոր այն թուրքերը, որոնք ժամանակին ընկճվել էին Նադիրի կողմից և արտաքսվել Խորասան։ Այժմ, օգտվելով Նադիրի մահից և Իրանում ստեղծված անիշխանությունից, այդ ցեղերը նորից վերահաստատվեցին Այսրկովկասում, հատկապես Կուր-Արաքսյան միջագետքում և անհանգիստ կացություն ստեղծեցին Խամսայի սահմանով մեկ։ Կուր-Արաքսյան միջագետքում թափառող ավազակաբարո թուրքախոս ցեղերը միավորվեցին Ջիվանշիր ցեղի Սարուջալլու տոհմի առաջնորդ Փանահի շուրջը։