Այս էջը հաստատված է

Իրանում ստեղծված անիշխանության պայմաններում Խամսան արագորեն գահավիժում էր և առիթ էր պետք ուշ միջնադարյան հայկական այս պետականության վերջին բեկորին վերջ տալու համար։

Առիթը հայ մելիքների ներքին գժտություններն էին։ 1751թ. Վարանդայի մելիքանիստ Ավետարանոցում տեղի ունեցավ մի ընտանեական սպանդ, ինչը հեղաբեկիչ դեր պետք է ունենար Ղարաբաղի հետագա ողջ անցքերի վրա և ճակատագրական կդառնար արցախահայության համար։

Վարանդայի մելիք Հուսեինի մահվանից հետո, հին սովորու­թյան համաձայն, իշխանությունը անցավ ավագ որդուն՝ Հովսեփին։ Վերջինիս կրտսեր եղբայր Շահնազարը, որը փառասեր անձնավորություն էր, չհանդուրժելով մելիք Հովսեփի իշխանությունը դավադ­րաբար իր ձեռքով սպանեց եղբորը, չխնայելով նրա ընտանիքի անդամներին։ Շահնազարի մեջ խոսեց թուրքի պիղծ արյանը, որը տակ­նուվրա արեց Խամսայի մելիքների կուռ միությունը։ Ավանդության համաձայն Հովսեփը մելիք Հուսեինի առաջին կնոջ՝ Աննայի որդին էր, որը Դիզակի մելիք Ավանի քույրն էր, իսկ Շահնազարը ծնվել էր Նախիջևանի խանի դուստր Զոհրա խանումից։

Այսպիսով, Շահնազարը դավադրաբար դառնալով Վարանդայի մե­լիքը, կործանարար դերակատարություն ունեցավ արցախահայության համար։

Այս եղեռնագործությունը Շահնազարի դեմ հանեց Խամսայի ավան­դապահ մելիքներին և վերջիններս միաբանվեցին նրանից վրեժխնդիր լի­նելու համար։ Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ Մելիք Շահ­նազարյանները խնամիական կապեր ունեին Խաչենի և Ջրաբերդի մե­լիքների հետ։ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան մելիք Հովսեփը, Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Ալլահ-Ղուլի սուլթանը, Խաչենի մելիք-Ալլահվերդի Հասան Ջալալյանը և Դիզակի Մելիք-Ավանյան մելիք Եսային պաշարեցին Ավետարանոցը, սակայն մելիք Շահնազարը տեղի չտվեց և բերդը չգ­րավվեց։

Ժամանակն ու իրավիճակը գործում էին եղբայրասպան մելիքի օգտին։ Ուխտապահ մելիքներից հալածված Շահնազարը օգնության դի­մեց Փանահին։ Նենգադավ քոչվորին հանգստություն չէին տալիս հայ մելիքների