Այս էջը հաստատված է

իրենց տիրույթները։ Մելիք Հաթամի և մելիք Հովսեփի վերադարձը Ջրաբերդ և Գյուլիստան որոշ չափով կայունացրին Խամսայի մելիքությունների քաղաքական կացությունը։ Սակայն այս անգամ էլ Իբրահիմ խանը փորձեց խաթարել մելիքների միաբանությունը Գանձասարի թափուր կաթողիկոսական աթոռին նոր թեքնածուի ընտրության հարցում։ Իբրահիմը մերթ հովանավորում էր օրինական կաթողիկոսին՝ Հովհաննեսին, մերթ էլ հակաաթոռ Գանձակում նստող և հետագայում Արցախ տեղափոխված Իսրայելին, ավելի էր խճճում Խամսայի մելիքների առանց այն էլ ոչ սովորական հարաբերությունները։

Դժվարին այս ժամանակաշրջանում Ղարաբաղ է գալիս Հովսեփ Էմինը։ Նա մեծ հույսեր էր կապում Արցախի մելիքների հետ, նրանց մեջ տեսնելով ապագա հայկական պետականության հիմնաքարը։ Իր ինքնակենսագրության մեջ նա ասել է. «Ես կարծում եմ, որ եթե լինեմ եվրոպական զինվորի նման, կգնամ իմ երկիրը, Լեռնային Հայաստանի հայերի մոտ, որոնք, լսել եմ, որ միշտ անհաղթ են ու քաջ և եթե ես նրանց կարողանամ սովորեցնել պատերազմի արվեստը, դա շատ մեծ օգուտ կտա»342։ Հովսեփ Էմինը ականատես եղավ Արցախի հայերի քաջագործությանը։ 1767թ. Գանձակի Շահվերդի խանը փորձեց պատժել Գյուլիստան վերադառ­նալու մտադրություն ունեցող մելիք Հովսեփին։ Նա հանկարծակի հարձակվեց Գետաշենի վրա։ Հանկարծակի եկած գետաշենցիները մելիք Հովսեփի որդի Բեգլարի գլխավորությամբ 40 հոգով լեռնային կռիվներով հաղթեցին 4500 հոգուց բաղկացած հակառակորդի ուժերին։ Մի քանի օրից հետո պատերազմական գործողությունները նոր թափով շարունակվեցին։ Հայերին հաջողվեց ոչ միայն պաշտպանել Գետաշենը, այլ հալածելով թշնամուն, պաշարեցին Գանձակը։ Շահվերդի խանի խնդրանքով վրաց Հերակլ թագավորի միջնորդությամբ հակամարտությունը հարթվեց։

Հովսեփ էմինը, հյուրընկալվելով Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ, փորձեց միավորել մելիքների ուժերը, կազմել միասնական բանակ։ Այդ նպատակով նա հանդիպումներ ունեցավ մելիքների և Գանձասարի կաթողիկոսի հետ։ Սակայն շուտով կաթողիկոս Սիմեոն Երևանցու հրահրանքով, մելիքները Էմինին հեռացնում են