Այս էջը հաստատված է

1466թ. Շիրվանշահ Ֆառուխ Յասարը դեսպան Հասան Բեկին ուղարկեց Մոսկվա՝ Իվան Գ-ի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու։ 1467թ. իր հերթին ռուսական դեսպանությունը Վասիլի Պանինի գլխավորությամբ եկավ Շամախի։ Նրա կազմում էին մի քանի վաճառականներ, որոնց թվում նաև տվերցի հայտնի ճանապարհորդ-վաճառական Աֆանասի Նիկիտինը347։

Փաստորեն այս կամ այն առիթով ռուսների Այսրկովկասում հայտնվելը հնարավորություն է ստեղծում երկուստեք ծանոթանալու և պատկերացում կազմելու միմյանց մասին։ Ռուսաստանի և ռուսների մասին տեղեկություններ է հաղորդում նաև Կիրակոս Գանձակեցին348։

ԱՐՑԱԽ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ 15-րդ դարի երկրորդ կեսին և 16-ի սկզբներին, Մոսկովյան պետության հզորացմանը զուգընթաց, ցարական կառավարությունը սկսեց հետաքրքրություն ցուցաբերել Այսրկովկասի նկատմամբ։ Ռուսաստանը, լինելով քրիստոնյա երկիր, շահագրգռվածություն էր հանդես բերում Այսր­կովկասի քրիստոնյա ժողովուրդների ազատագրման գործում։ Իհարկե, ցարիզմը իրականում հետամուտ է եղել իր ռազմաքաղաքական նպատակներին։ Այս պարագայում էլ հայ ժողովուրդի քաղաքական նկրտումները համապատասխանում էին Ռուսաստանի շահերին և ազատագրման հույսը մարմին է առնում, դառնում շոշափելի։ Սակայն այդ բաղձանքներն ու տրամադրությունները քաղաքական անշեղ ճանապարհի վրա դնելու, երկու ժողովուրդների բարեկամական փոխհարաբերություններն ու գործակցությունը կանո­նավոր դիվանագիտական հունի մեջ առնելու համար ռուսական արքունիքի հետ քաղաքական լեզվով խոսող լիազոր վարչական մարմին էր պետք։

Բուն մայր երկրում չկար քաղաքական որևէ գործոն կամ սոցիալական ներքին որևէ ուժ, որը զորավիգ լիներ կամ ձգտում ու հնարավորություն ունենար օգնելու, միավորելու հայ ժողովրդի ջանքերը, նպատակ ու ընթացք տալու ազատագրական մղումներին։ Նման պայմաններում ռուսական արքունիքի հետ հարաբերությունները վարում էին Արցախի մելիքները, որոնց մոտ վառ էին մնացել հայ­կական