Այս էջը հաստատված է

կստիպեն Իբրահիմին ընդունել իրենց հպատակությունը։ Իսկ հայերի հարցում, նրանք վստահ էին, որ սիրաշահելու միջոցով մշտապես կվայելեն նրանց համակրանքը։ Մի առիթով Եկատերինա 2-րդը ասել է. «…միայն զենքի ուժով չէ, որ հաղթում են ժողովուրդներին… այլ պետք է նվաճել նրանց վստահությունը․․․ նվաճել սրտերը․․․, որի համար պետք է ամեն կերպ սիրաշահել և մեր կողմը գրավել ժողովուրդի լավագույն մարդկանց»371։

Հայոց ազատագրության ամենավճռական պահին Իբրահիմ խանը հերթական անգամ ցույց է տալիս իր դիվանագիտական ճկնությունը և հպատակություն է հայտնում Ռուսաստանին։ Այդ առթիվ Գրիգորի Պոտյոմկինը զեկույց ներկայացրեց Եկատերինա 2-ին, որտեղ հարցնում է, թե հարմար չի լինի արդյոք «այս անգամ շոյենք Իբրահիմին, որպեսզի անհրաժեշտության դեպքում նա մեր բռի մեջ լինի»372։ Եվ այդպես էլ կատարվում է։

1783թ. նույն մայիսի 19-ին Գրիգորի Պոտյոմկինը հրահանգ է տալիս Պավել Պոտյոմկինին. «…Շուշիի Իբրահիմ խանի հնազանդության և հպատակության մասին նրա խնդրանքը ավելորդ են դարձնում նրա հեռացումը։ Ձերդ գերազանցություն, առանց իրականացնելու նախորդ հրահանգը նրա տապալման մասին, հաղորդեք նրան միայն, որ հարկը, որը ռուսական թագուհին կբարեհաճի հարգել, հավատարմությունն է։ Եվ, այդպես, եթե նա աներեր կմնա դաշինքի մեջ և մշտապես պատրաստ կատարելու գերագույն հրամանները, ապա այդպիսի պայմաններում կարող է հուսալ հպատակության մեջ ընդունումը»։ Իսկ Արցախի հայերին սիրաշահելու համար հրահանգ է տալիս « ․․․աշխատեք փաղաքշել հայերին և ներարկել նրանց մեջ բարի կամեցողություն դեպի Ռուսաստանը, որ­պեսզի նրանց միշտ ջանադիր և պատրաստ ունենալ օգտագործելու այն ձեռնարկումների համար, որոնք հանգամանքներն ու մեր գոր­ծերի շահերը կպահանջեն»373։

Գ.Պոտյոմկինը արդեն սկսում է հովանավորել Իբրահիմին և քայլեր է կատարում, որոնք հետին պլան էին մղում հայոց ազատագրության հարցը։ Այդ էլ այն դեպքում, երբ Իբրահիմի բանագ­նացները լորձնաշուրթն հավատարմագրերով միաժամանակ թակում էին ռուսական, թուրքական և պարսկական արքունիքների դռները: