Այս էջը հաստատված է

Ավանդությունները պատմում են, որ մարդիկ գերեզմաններից հանում էին նոր թաղած մեռելներին և ուտում, հարձակումներ գոր­ծում գերիներ խլելու և մորթելու համար, երեխաներից մի քանիսին մորթում էին՝ մյուսներին հանգստացնելու համար385։ Գաղթականների հոծ զանգվածներ տեղափոխվելով Վրաստան մի կտոր հացի համար վաճառում էին իրենց երեխաներին386։

Չնայած Իբրահիմ խանի դեմ անհավասար պայքարում մելիք­ների ուժերը հատվել էին, բայց պայքարը դադար չունեցավ։

Վարանդայի մելիք Ջումշուդը և նրա քրոջ որդի Գյուլիստանի մելիք Ֆրեյդունը, 1797թ. մեկնեցին Աստրախան՝ նպատակ հետապնդելով Հովսեփ Արղությանի միջնորդությամբ հանդիպել Պավել կայսրի հետ։ Միաժամանակ Ղուկաս Կարնեցի կաթողիկոսը հատուկ ուղերձով դիմեց կայսրին՝ հովանավորության տակ առնելու հայ ժողովրդին։ 1798թ. փետրվարի 26-ի կայսերական հրովարտակով իր նախորդների՝ Պետրոս I-ի, Եկատերինա I-ի և Եկատերինա II-ի նման հայոց կաթողիկոսին, հայ մելիքներին, յուզբաշիներին ու կառավարիչներին, ողջ հայ հաժողովրդին և առանձնապես Ռուսական կայսրության սահմաններում բնակվող հայերին, վերցնում է իր կայ­սերական ողորմածության ու պաշտպանության ներքո387։ Չնայած այդ հավաստիացումներին, Պավել I-ը, ըստ էության, հրաժարվել էր Այսրկովկասում հայկական դուստր պետության ստեղծման զաղափարից, նպատակ հետապնդելով բռնազավթել երկրամասը։

Աստանդական դարձած մելիքները Աստրախանում երկար սպասելուց հետո 1799թ. մեկնեցին Պետերբուրգ և Հ.Արղությանի միջնորդությամբ ներկայացրին կայսրին իրենց աղերսագրերը։

Պավել կայսրը ընդունեց երկու մելիքներին ռուսաց հպատակության տակ։ Մելիք Ֆրեյդունը ստացավ Բորչալուի մի մասը, իսկ մե­լիք Ջումշուդը՝ Լոռին։ Գյուլիստանի մելիք Աբովը հաստատվեց Բոլնիսում։ Այս ճանապարհով Ռուսաստանը պիտի կորցներ արցախահայ պետության ստեղծման վերջին հնարավորությունը։

Բարեբախտաբար արցախահայությունը տուրք չտվեց իր մե­լիքների ցանկություններին՝ տեղափոխվել նոր տիրույթները։ Ժողո­վուրդը ամուր կառչած իր հողին շարունակեց պայքարը ազատու­թյան համար։