Այս էջը հաստատված է

նվիրված ընդհանուր բնույթի ողբերը, որոնք հատուկ տեղ ունեն «Մաշտոց» կոչվող ժողովածուներում։ Նման ստեղծագործու­թյունները պահպանվել են Արցախի վանքերում գրված ձեռագրերի մեջ։

V-XVIII դդ Հայոց Արևելից նահանգներում, չնայած տարափո­խիկ հանգամանքներին, հայ պատմագիտական միտքը, վայրիվե­րումներով հանդերձ, մնաց պատշաճ աստիճանի։

Մովսես Կաղանկատվացին VII դարի հեղինակ է։ Լինելով Հայոց Արևելից նահանգների թագավորական տան պատմիչը, նա իր երկրամասի պատմության շարադրանքը սկսում է Առանից։ «Պատմություն Աղուանից աշխարհի» գիրքը կազմված է երեք հատորից։ Առաջինն ու երկրորդը շարադրվել են VIIդ. վերջին, Մովսես Կաղանկատվացու կողմից։ Xդ. երրորդ հատորը գրել է Մովսես Դասխուրանցին՝ ամբողջացնելով Արցախի և Ուտիքի (I-Xդդ.) մեկ հազարամյակի պատմությունը։ «Պատմության» մեջ հստակ ձևով ներկայացված է հայ Աղվանքի աշխարհագրական սահմանները։ Երկու հեղինակնե­րի շնորհիվ մեզ հաջողվում է պատկերացում կազմել օտար բռնավորների դեմ արցախահայության հերոսական պայքարի, Առանշահիկների թագավորական տան գործունեության մասին։ Ականատես պատմիչն ամենայն մանրամասնությամբ գրում է բոլոր այն փորձությունների մասին, որ ենթարկվեց իր հայրենիքը։ «Պատմության» շնորհիվ մեզ է հասել հայոց առաջին քնարական պոեմը՝ Դավթակ Քերթողի «Ողբը»։ Մովսես Կաղանկատվացուն ենք պարտական այն անգնահատելի տեղեկությունների մասին, որ տալիս է Աղվանքի, Վրաստանի և հատկապես խազարների մասին։

Մովսես Դասխուրանցուն պատկանում են պատմության այն հատվածները, որոնք ընդգրկում են արաբական տիրապետության շրջանը, Xդ. արցախահայության պետականության վերականգնու­մը։ Պատմության վերջում կցված է մի գլուխ՝ «Անունք հայրապետացն Աղուանից, ամք և գործը նոցին» վերնագրով, որը Աղվանից կաթողիկոսների շարքը սկզբից հասցնում է մինչև 998թ.։ Գրքում հանգամանորեն խոսվում է նաև Արցախի և Ուտիքի հայության հոգևոր արժեքների մասին։