Այս էջը հաստատված է

Սկզբում աշակերտել է Մխիթար Գոշի Նոր Գետիկի դպրոցում, այնուհետև Վանական Վարդապետի մոտ։ 1236թ. մոնղոլ Մոլար Նուինի հրոսակները հասնում են մինչև Տավուշ, գրավում այն և կողոպտում քարայր-դպրոցը, գերեվարում աշակերտներին, այդ թվում՝ Կիրակոսին։ Սակայն ապագա մեծ պատմիչին հաջողվում է փախչել գերությունից և վերստին հաստատվել Նոր Գետիկում։ Նա մինչև իր կյանքի վերջը զբաղվել է մատենագրական աշխատանքներով, միաժամանակ հեռու չմնալով հայ հասարակական, կրոնավարչական և մշակութային կյանքից։ Կիրակոս Գանձակեցին վախճանվել է 1271թ. և թաղվել Նոր Գետիկի վանքում։

Նրա «Պատմութիւն Հայոց» երկը սկսվում է IV դարից և հասնում մինչև 1265թ.։ Առաջաբանը նվիրված է Պատմության շարադրման հանգամանքներին։ Գրքի առաջին մասը սկսվում է Գրիգոր Լուսավորչի, Տրդատի և հիմնականում նրանց անունների հետ կապված, քրիստոնեությունը Հայաստանում պաշտոնական կրոն դառնալու կապակցությամբ տեղի ունեցած իրադարձությունների նկարագրությամբ։ Այստեղ հեղինակը, օգտվելով նախորդ շրջանի գրավոր աղբյուրներից, ամփոփել է մինչև XIIդ. վերջին տասնամյակները կատարված անցուդարձերը, ներառյալ Կիլիկիայի համապատասխան ժամանակահատվածի պատմությունը։

Աշխատության երկրորդ մասը սկսվում է 1197թ. և ավարտվում 1265թ. դեպքերով։ Այն շարադրված է իրադարձություններին ականջալուր և ականատես հեղինակի մոտեցումով, ուստի այն ավելի արժեքավոր է։ Նա հանգամանորեն պատմում է XIIդ. վերջին տասնամյակներում Վրաստանի ռազմական ու քաղաքական հզորացման և հայ-վրացական միասնության, Զաքարյանների ժամանակ Հայաստանի՝ սելջուկների լծից ազատագրման, քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքի աշխուժացման մասին։


Կիրակոս Գանձակեցու երկը չափազանց կարևոր է մանավանդ Հայաստանում ու Մերձավոր Արևելքում մոնղոլների տիրապետու­թյան շրջանի պատմության լուսաբանման համար։ Նա ընթերցո­ղին մատուցում է ոչ միայն մոնղոլների հաղթական արշավանքների, ավարառության, համատարած կոտորածի պատկերը, այլև նկարագրում է նրանց ցույց տրված հերոսական դիմադրությունը։