Այս էջը հաստատված է

Վարդան Արևելցին գրել է բազմաթիվ ճառեր, ներբողներ, շարականներ, խրատներ, մանր զրույցներ, կատարել թարգմանություններ հունարենից և ասորերենից։ Առանձնապես հետաքրքիր է ասորի անվանի եկեղեցական-հասարակական գործիչ Հակոբ Սրճեցու ճառի թարգմանությունը։ Վարդան Արևելցու շնորհիվ մեզ է հասել ասորի մատենագիր Միխայիլ պատրիարքի (XIIդ.) «Ժամանակագրութիւն» պատմագիտական երկի հայերեն թարգմանության մի մեծ բաժին։

Մեծ լուսավորիչն ու գիտնականը մահացել է 1271թ. Խոր վիրապում և այնտեղ էլ թաղվել։

Գրիգոր Ակներցին (XIIIդ.) ծննդով Արցախի Խաչեն գավառից էր։ Վանական Վարդապետի սաներից էր, Վարդան Արևեցու և Կիրակոս Գանձակեցու դասընկերը։ Նրա «Պատմութիւն վասն ազգին նետողաց» երկը ընդգրկում է կարճ (1220-1273թթ.), բայց բովանդակալից մի ժամանակահատված, երբ հայ ժողովուրդը մաքառում էր մոնղոլական տիրապետության դեմ։ Պատմիչը հետաքրքիր տեղեկություններ է տալիս մոնղոլների նիստ ու կացի, նրանց ծանր հարկային քաղաքականության, կառավարման համակարգի մասին։ Գրիգոր Ակներցին ներկայացրել է կիլիկիահայության պայքարը մամլուքների դեմ։ Նրա «Պատմությունը» հետաքրքիր տեղեկու­թյուններ է պարունակում նաև Հայաստանի և Կիլիկիայի հարևան երկրների մասին։

Հայոց Արևելից կողմանց գրական-պատմագիտական կյանքն առկայծումներ է ունեցել նաև հետագա դարերում։ Չնայած դժնդակ պայմաններին, Արցախի և Ուտիքի նշանավոր վանքերի խուցերում հայ մտավոր շարժման առաջնորդները շարունակում էին արարել հոգևոր արժեքներ։

XVIդ. ժրաջան աշխատանք է ծավալել Հովհաննես վարդապետ Ծարեցին։ Սկզբնաբյուրների վկայությամբ Դադի վանքում Հով­հաննես Ծարեցու գլխավորությամբ ստեղծվում են բազում գրքեր, որոնք ժամանակի ընթացքում հրկիզվում և կողոպտվում են օտար նվաճողների կողմից։ Այդ ձեռագրերից մեկը 6879 թվահամարով այսօր պահպանվում է Մատենադարանում։ Նա մահացել է 1583թ., մարմինը ամփոփվել է Սյունիքի Վասակաշենում։