Այս էջը հաստատված է

թույլ տալ կայազորին անարգել գնալու Թիֆլիս։ Պարսից բանագնացին պատասխանում են, որ առանց գլխավոր հրամանա­տար Երմոլովի կարգադրության Շուշին հանձնել չեն կարող։ Շուշիի 1700 հոգուց բաղկացած կայազորը և 1500 հայ աշխարհազո­րայինները վճռականորեն որոշեցին պաշտպանել բերդը ու շրջակա 22 հայկական գյուղերից այստեղ ապաստանած հայ բնակչությանը։

Թիկունքը ապահովելու նպատակով գնդապետ Ռեուտի կար­գադրությամբ բերդից հեռացվեց պարսկամետ թուրք երիտասար­դությունը։ Միաժամանակ, Շուշիի պաշտպաններին ոգևորելու նպատակով, Ռեուտը հայ կամավորներից մեկին անց է կացնում պարսպի մյուս կողմը և նորից վերադարձնելով բերդ, բոլորի ներկայությամբ ընթերցում է սուրհանդակի բերած իր իսկ կողմից կազմած նամակը, որը իբրև Թիֆլիսից ուղարկել է գեներալ Երմոլովը։

Մերժում ստանալով, պարսիկները անգլիական մաստնագետների օգնությամբ ականապատում են բերդի պարիսպները և մի քանի անգամ գրոհում։ Կրելով ծանր կորուստներ Աբաս-Միրզան իր ուժերը խնայելու և Թիֆլիսը գրավելու նպատակով կրկին բանակ­ցությունների մեջ է մտնում Ռեուտի հետ և 10 օրով զինադադար կնքում, մինչև որ Երմոլովից կարգադրություն ստացվեր՝ Շուշին հանձ­նելու մասին։

Սակայն դրան հակառակ, Ռեուտը Երմոլովից ստանում է հետևյալ հրամանը. «Պաշտպանեցեք մինչև վերջին մարդը, գլխով պատասխանելու եք բերդի հանձնման համար։ Պաշպանելով Շու­շին այն ձեզ պատիվ կբերի։ Պահանջում եմ բոլոր միջոցները գործադրել պաշտպանության համար։ Թաթարներից հավաքեք հացի պաշարները, թող դավաճանները սովամահ դառնան։ Մեծահոգաբար վերաբերվեք հայերի նկատմամբ։ Հայերին զինեք մեծ քանակությամբ, նրանք կպաշտպանվեն։ Սպասեցեք մեզ»439։ Իր հերթին գնդապետ Ռեուտը գեներալ Երմոլովին ներկայացրած զեկուցագ­րում գրել է. «Բերդը պաշտպանող հայերի վերաբերյալ պարտքս եմ համարում բացատրել, որ նրանց ծառայությունը արժանի է ուշադ­րության, որովհետև նրանք բոլորը գործում էին գերազանց քաջու­թյամբ, դիմացան բազմաթիվ գրոհների, ետ մղեցին թշնամուն խոշոր