Այս էջը հաստատված է

XIX դարի վերջերին Շուշիում բացվում է ռուսական իգական Մարինսկու դպրոցը, որի աշակերտների մեծ մասը հայուհիներ էին։ Այսպես, 1898թ. 257 աշակերտուհիներից 240 հայուհիներ էին, 14 հոգի՝ ռուս, 2-ը՝ թաթար և մեկ հոգի այլք517։

Շուշեցի մեծահարուստ Պողոս, Արշակ, Հակոբ և Աբրահամ Ղուկասյան եղբայրները իրենց հանգուցյալ քրոջ հիշատակը հավեր­ժացնելու նպատակով Ամենայն Հայոց կաթողիկոսի տրամադրության տակ են դնում երկու հարյուր հազար ռուբլի և Շուշիում գտնված իրենց սեփական տունը՝ «Մարիամ Ղուկասյան» անունով օրիորդաց դպրոց հիմնելու համար։ Դպրոցը բացվել է 1914-1915 ուս. տարում և ունեցել է լրիվ միջնակարգ դասընթաց։

Արցախահայության կյանքում կարևոր երևույթ էր 1881թ. Շու­շու ռեալական ուսումնարանի բացումը։ Դպրոցը պետական էր, որ­տեղ ուսուցումը տարվում էր ռուսերեն լեզվով։

Հայերը կազմում էին ռեալականի 80 տոկոսից ավելին, թաթարները՝ մոտ 15 տոկոս, և ավելի չնչին է ռուս ու վրացի աշակերտների թիվը518։

Շուշիում կրթական կյանքի նման պոռթկումը ենթադրում է ունե­նալ նաև հարուստ տպագրական և հրատարակչական բազա։

Հայ տպագրության գործը 1512թ. սկզբնավորվելով Վենետիկում, երկար ժամանակ զարգանում էր օտար ափերում։ 1771թ. Էջմիածնում հիմնվում է տպարան։ 1828թ. հայրենի հողում՝ Շուշիում Բազելի քարոզչական ընկերության կողմից ստեղծվում է երկրորդ տպարանը, որտեղ տպագրվում է մեսրոպատառ առաջին գիրքը «Պատմութիւն Սուրբ Գրոց» խորագրով։ Չբավարարվելով Շուշիում կատարած հրատարակություններով, Բազելի քարոզչական ընկե­ րությունը գրքերի մի մասը տպագրել է տալիս Մոսկվայում՝ Լազարյան ճեմարանի տպարանում519։ 8 տարվա ընթացքում նրանք հրատարակեցին կրոնական, բարոյախոսական, գիտական և ու­սուցողական բնույթի գրքեր։

Բազելցի քարոզիչները Շուշիից հեռանալուց հետո տպարանը գնում է Բաղդասար միտրոպոլիտը և ա յն վերանվանում «Հայոց հոգևոր տեսչության տպարան»։ 1837թ այստեղ հրատարակվեց Բայրոնի «Շիլոնյան կալանավորը» Մ. Զոհրաբյանի թարգմանությամբ,