նախկին Բաքվի և Ելիզավետապոլի նահանգները հռչակում է ադրբեջանական և առաջին անգամ հավակնում պատմական Հայաստանի բաղկացուցիչ մաս հանդիսացող Ղարաբաղին ու Զանգեզուրին։ Ադրբեջանը Թուրքիայի հետ Բաթումում կնքված հաշտությամբ և Օսմանյան կայսրապետության կամքով տեր դարձավ նախկին ցարիզմի կողմից սահմանված վերոհիշյալ նահանգներին։ Փաստորեն, անխուսափելի էր դառնում բախումը Արաքսից հյուսիս ընկած տարածքների վրա առաջին անգամ հորջորջվող Ադրբեջանի և իր ազատության ու ինքնորոշման համար պայքարող Ղարաբաղի հայության միջև։
Եվ այսպես, աշխարհի քարտեզի վրա գծվում էր մի նոր պետություն, որի հիմքում դրված էր ոչ պատմականության և ոչ էլ էթնիկական պատկանելիության սկզբունքները։ Այն ստեղծվեց պանթուրքիստական ու մեծ տերությունների շահանկատ ծրագրերի իրագործման և հայկական հարցի վերջնականապես կործանման համար։ «Մի ղարաբաղցի ծեր հայ,– գրել է իր «Պատմական հիշատակարանում»-ում Միրզա Տեր-Սարգսյանը (Միտսարը),- Ադրբեջանի պետության առաջ գալու մասին ասել է. «Օսմանցին և անգլիացին (օսմանլին և անգլիան) քոնթի եկան և ցկնեցին ադրբեջանի պետությունը»543։
Հետագայում, իրանական Ատրպատականին հավակնելու համար, էնվերի եղբոր՝ Նուրի փաշայի խորհրդով այս նորաթուխ մահմեդական պետությունը անվանվեց Ադրբեջան։ Նորաստեղծ Ադրբեջանի կառավարությունը շտապում էր թուրքական օկուպանտների օգնությամբ վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ինքնուրույնությանը։ Ըստ էության, Ադրբեջանում փաստացի իշխանությունը գտնվում էր թուրք զինվորականության տրամադրության տակ։ Նրանք զենք ունեցող տեղի մահմեդականներից կազմակերպեցին հրոսակախմբեր։ Առանձնապես դաժանորեն էր գործում այսպես կոչված «վայրի դիվիզիան», որի հսկողության տակ էր գտնվում Շուշի-Եփլախ ճանապարհը։ Լեռնային Ղարաբաղը կտրվեց արտաքին աշխարհից և հայտնվեց պաշարման օղակի մեջ։
Անհրաժեշտ էր անցնել ինքնապաշտպանության և պահպանել երկրամասի ինքնուրույնությունը։ Այդ հարցը լուծելու համար դաշնակցական