Այս էջը հաստատված է

և չի ընդունում Ադրբեջանի իշխանությունը»550։ Նույն վճռականությունը հանդես բերին նաև հինգերորդ և վեցերորդ համագու­մարները։ «Ղարաբաղի հայության քաղաքական, պատմական, կուլտուր-իրավական և մանավանդ տնտեսական պայմաները, ասված է 5-րդ համագումարի որոշման մեջ,- չեն կարող ոչ մի դեպ­քում հիմք ծառայել հայ ժողովրդի շլնքին փաթաթելու Ադրբեջանի թեկուզ ժամանակավոր իշխանության վարչական ձևը»551։

Արցախի հայությանը նեցուկ կանգնելու նպատակով 1919թ. ապրիլի սկզբին Հայաստանի կառավարությունը փոխգնդապետ Արզումանյանին նշանակում է Ղարաբաղի գործերի և կառավար­ման գծով Բրիտանական հրամանատարության լիազորին առըն­թեր ներկայացուցիչ552։

Արցախ ուղարկվեցին ծագումով արցախցի մի խումբ քաղաքական գործիչներ և սպաներ, որոնց առջև խնդիր դրվեց կազմակերպել տեղի հայության ինքնապաշտպանությունը։

Սուլթանովը, արցախահայության վճռականությունից գազազած, որոշեց բնակչությանը խեղդել սովի ճիրաններում։ Այդ նպատակով դեպի Դաշտային Ղարաբաղ տանող բոլոր ճանապարհնե­րը փակվեցին։ Հրի ու սրի մատնվեցին մի քանի հայկական գյուղեր։ Առանձնակի դաժանությունների ենթարկվեցին Ղայբալիշենի հայերը։ «Գյուղի բոլոր տները այրվում են,- պատմում է արխիվային վավերագիրը,- իսկ կիսավեր և այրված տները լի են դիակներով։ … 70 տուն ունեցող գյուղի բնակչությունից ազատվել են մոտավորապես 160 հոգի։ Կոտորածի ժամանակ քաղաքից (Շուշիից-Վ.Բ.) դի­տելիս են եղել անգլիացիք և ոչ մի միջոց չեն ձեռք առել կոտորածը դադարեցնելու»553։ Այս և Սուլթանովի մյուս չարագործությունների մասին վկայել են Ադրբեջանի պառլամենտի անդամներ Կարաբեկովը և Ռուստամբեկովը554։ Վերոհիշյալ չարագործությունները ղե­կավարում էին թուրք էմիսարները։ «Պատգամավոր Խոջայանի ստացած տեղեկություններով իբր թե Էնվերը գտնվում է Սուլթանո­վի հայտնի բնակավայրում- Հաջի Սալմոնում, իսկ անգլիացիների ունեցած տեղեկություններով նա իբր թե գտնվում է Աղդամում»555։

Եվ այդպիսի լարված իրավիճակում 1919թ. օգոստոսին, Շոշ գյուղում հրավիրվեց արցախահայության յոթերորդ համագումարը։