Այս էջը հաստատված է

բանտարկվեցին և տասնյակներով գնդակահարվեցին։ Այդ հանգամանքը ստիպում է շատերին պաշտպանվել անտառներում», կամ էլ անցնել Զանգեզուր և միանալ Նժդեհի ապստամբ ուժերին578։ ժամանակակիցը գրում է. «Առանց որևէ դատի ու քննության կացնահարում և տմարդի եղանակով սպանվում են Թարթառում Ղարաբաղի հայ գյուղացիության շահերին երկար տարիներ նվիր­ված գործիչները. հարյուրավոր ինտելիգենտ ուժեր տարվում են Բաքու, Գանձակ, Շուշի և փակվում բանտերում»579։

Ղարաբաղում և Զանգեզուրում ողջ հայությունը զինաթափ է արված բոլշևիկների կողմից և «վայրագություններին չափ ու սահ­ման չկար։ Քայքայված գյուղացիներից պահանջում են տասնյակ հազարավոր փթերով ցորեն ու գարի, խլում են ամբողջ երկրի բեր­քը, տավարը, և այլ սեփականություն և գիշերով ուղարկում Բաքու կամ Ռուսաստան։ Գյուղերում շրջող զինված պահակները… գոր­ծադրում են ահաբեկության բոլոր միջոցները․․․

Հայերին զոռով հավաքագրում են և ստիպում ծառայել Ադրբեջանի բանակում։ Թուրքերն ուժեղ պրոպագանդա են մղում հայ ազգաբնակչությանը Ադրբեջանին հպատակ դարձնելու համար։ Ուժով ստիպում են ստորագրել Ադրբեջանի իշխանությունը ճանաչելը»580։

Լեռնային Ղարաբաղում տեղադրված զորամասերին ապահո­վելու նպատակով թալանում էին բնակչությանը, տանում բանող անասունները և հացի վերջին կտորը։ 1920թ. սեպտեմբերին ներքին գործերի կոմիսարիատի կողմից ուղարկված հատուկ հանձնաժողո­վը, ստուգելով գավառներում կատարվող բռնագրավումները, արձանագրում է. «28-րդ դիվիզիայի մթերային բաժինը սկսել է մթերումը, բնականորեն մթերողները նշանակել են իրենք, և կատարվեց ոչ թե ավելցուկ մթերքների վերցնում, այլ գյուղացիների իսկական թալանում… համարյա ուժի միջոցով»։ Տեղերում հեղկոմների բռնարարքների հետևանքով «միջակ և չքավոր գյուղացիները ախ ու վախ են անում» և արագորեն քայքայվում էին գյուղացիական տնտեսու­թյունները581։

Այս ամենը վրդովմունքով է ընդունում Լեռնային Ղարաբաղի աշխատավորությունը։ Դժգոհություններն ու բողոքները շիկանում, լցվում էր ժողովրդի համբերության բաժակը։