Այս էջը հաստատված է

ընկնող անասունների քանակի տեսակետից Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանի խորհրդային հանրապետության բոլոր շրջաննե­րի համեմատությամբ, բռնում էր վերջին տեղը և մոտ երկու անգամ ցածր էր հանրապետության միջինից։

Անհրաժեշտ էր ոչ միայն վերականգնել անասունների գլխաքանակը, այլև բարելավել ցեղայնությունը։ Այդ նպատակով 1925թ. Լիսագորում՝ թթու ջրի մոտ, կազմակերպվեց լեռնաալպիական անասնաբուծական ֆերմա։ Այդ ֆերման հետագայում վերածվեց պետական տնտեսության և 1930թ. անվանվեց համամիութենական ցեղային անասնաբուծական սոլխոզ։ Այն մեծ դեր խաղաց ոչ միայն մարզի, այլև նրա հարևան շրջանների անասունների ցեղայնությու­նը բարելավելու, անասնապահական մթերքների մշակման նորագույն ձևերը և անասունները խնամելու առաջավոր մեթոդները գյուղացիներին ուսուցանելու գործում։

Լավ աշխատանքի շնորհիվ արդեն 1925թ. 1921թ. համեմատու­թյամբ կրկնապատկվեց բոլոր տեսակի անասունների գլխաքանակը և հասավ 201,3 հազար գլխի, իսկ 1928թ. այդ ցուցանիշը գերազանցեց 1913թ. մակարդակը։

ԼՂԻՄ-ում այգեգործության զարգացումը նպաստեց սպիրտի և խմիչքների արտադրության վերականգնմանը։ Այդ տարիներին մարզի գյուղացիական տնտեսությունների 30 տոկոսից ավելին զբաղվում էր սպիրտի և տարբեր տեսակի խմիչքների արտադրությամբ և տարեկան տալիս մինչև 640000 ռուբլու արտադրանք621։ Սպիրտի արտադրությունը արդյունաբերական եղանակով իրականացնելու նպատակով 1925թ. կառուցվեցին Ասկերանի, իսկ 1927թ. Կարմիր շուկայի թորման գործարանները։ Դրա հիմքերի վրա 1927թ. ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի գինու և սպիրտի տրեստը (Ղարգինտրեստը)622։

Վերոհիշյալ փաստերը վկայում են, որ նոր տնտեսական քաղաքականությունը արդարացված էր։ Մեծացավ ապրանաքաշրջանառությունը, աշխուժացավ տնտեսությունը, բարձրացավ աշխատավորների նյութական մակարդակը։ Կյանքը մտնում էր բնականոն հունի մեջ։