Այս էջը հաստատված է

կուլակներին633։ Պատահական չէ, որ մարզում 1930թ. վերջերին տասնյակ ընտանիքներ նորից կուլակաթափեցին։ Մի քանի ամսվա ընթացքում 1930թ. սեպտեմբերից մինչև 1931թ. հունվարի սկիզբը մարզում ստեղծվեց 30 նոր կոլտնտեսություն634։

Գյուղում անհրաժեշտ քաղաքական, տնտեսական, հոգեբանական նախադրյալների բացակայության պայմաններում թռիչքաձև կոլեկտիվացման հետևանքով կրկին թույլ տրվեցին կոպիտ քաղաքական սխալներ։ Դեպքերի զարգացման ընթացքը շեղվեց իր բնականոն հունից և բազում ապօրինությունների տեղիք տալով՝ բավականին ծանր անդրադարձավ գյուղի տնտեսական, հասարակա­կան քաղաքական կյանքի առաջընթացի վրա։

Վերածնվեցին ռազմական կոմունիզմի ժամանակների ար­տատնտեսական հարկադրանքի մեթոդները։ Հողի տերը լինելու գյուղացու ձգտումը, որը օրենսդրական կերպով ճանաչվել էր դեռ հողի մասին դեկրետով, հայտարարվեց մասնավոր սեփականատիրական վերապրուկ։ Գյուղացիության հետ ապրանքափոխանակ­ման և փոխադարձ օգուտի վրա հիմնված հարաբերությունները փոխարինվեցին թելադրանքի հարաբերություններով, որն իր հերթին պարարտ հող նախապատրաստեց վարչահրամայական համակարգի ձևավորման, բյուրոկրատական ճյուղավորված մեխանիզմի արմատավորման համար։ Այս բոլոր գործողությունների առաջաց­րած գյուղացիների բնական դժգոհությունը մեկնաբանվեց որպես յուրօրինակ սաբոտաժ։ Եվ դրանով արտահայտվում էր պատժիչ միջոցների կիրառման անհրաժեշտությունը։ Տասնյակ գյուղացիներ ընտանիքներով կտրվեցին հողից։ Գյուղացին օտարվեց հողից։ Գյուղի սոցիալ-տնտեսական զարգացման հետ մնալը ուժեղացրին միգրացիոն գործընթացները։ Կուսակցական և խորհրդային մարմինների կողմից իշխանության չարաշահման, օրինականության ոտնահարման, զանազան կարգերի մեքենայությունները, բարոյական վերասերման ամոթալի ու զայրացուցիչ փաստերը սովորական էին դարձել, որոնք աղավաղում, ձևախախտում էին դարերով ստեղծված մարդկային արդարության սկզբունքները, ծնում սոցիալական խորթացում, սասանում ժողովրդի հավատը ապագայի հանդեպ։