Այս էջը հաստատված է

Այլընտրանք չունենալով՝ մենատնտեսները մասսայականորեն մտնում էին կոլտնտեսություններ։ Մինչև 1931թ. նոյեմբերի վերջը մարզի բոլոր գյուղական բնակավայրերում ստեղծվեց 224 կոլտնտեսություն635։ Երկրորդ հնգամյակի վերջին մարզում կային 4 սովխոզ և 207 կոլտնտեսություն (կոլտնտեսությունների թվաքանակի նվազեցումը կապված էր խոշորացման հետ-Վ.Բ.), որոնցում միավորված էին գյուղացիական տնտեսությունների 90 տոկոսը։ Կոլտնտեսություններին էին պատկանում բոլոր ցանքատարածությունների 94,8 տոկոսը636։

Հայտնի է, որ մասսայական կոլտնտեսային շարժման տարինե­րին կոլտնտեսային շինարարությունը գերազանցապես ընթացավ լայնությամբ։ Նորաստեղծ կոլտնտեսությունների մեծ մասը չքավորական կազմ ուներ, տնտեսապես թույլ էր, իսկ կազմակերպական տեսակետից՝ հեղհեղուկ, չուներ համապատասխան նյութատեխնի­կական բազա և խոշոր արտադրություն վարելու փորձ։ Գյուղի կուլ­տուրական ու տեխնիկա-տնտեսական հետամնացության պայ­մաններում ձևավորվող կոլեկտիվ տնտեսությունում արտադրու­թյան և սպառման կազմակերպման բնագավառում բազմաթիվ թերություններ կային։ Կոլտնտեսությունները անշահույթաբեր էին։

Կուսակցական և խորհրդային մարմինները սկսեցին հիմնովին զբաղվել կոլտնտեսություններում աշխատանքի կազմակերպման, կոլտնտեսային բրիգադների ստեղծման ու ամրապնդման, պետական և հանրային ունեցվածքի պահպանության խնդիրներով։ Յու­րաքանչյուր բրիգադի ամրացվում էին որոշակի հողամասեր, բանող անասուններ, մեքենաներ և զանազան գույք։ Կոլտնտեսությունում աշխատանքի կազմակերպման ամենալուրջ թերությունը, որ խոչընդոտ էր դարձել կոլտնտեսային արտադրության ծավալման գործին, գործավարձի բացակայությունն էր, եկամտի ոչ ճիշտ բաշխումը։ Խառնաշփոթություն էր տիրում աշխատանքի հաշվառման և վե­րահսկողության բնագավառում, շատ դեպքերում բերքը բաշխվում էր ոչ թե ըստ կատարած աշխատանքի քանակի և որակի, այլ հասարակական սկզբունքով, հաճախ էլ՝ ըստ շնչերի, մինչև անգամ՝ ըստ պահանջմունքի։