էլ անհամար փախստականներ կան։ Գիշերը հինգով-տասով անցնում են սահմանը։ Մարդիկ են ուղարկված, որ նրանց էլ հավաքեն բերեն։ Եթե Արաքսը չլինի, մի մարդ չի մնա, բոլորն էլ կանցնեն Պարսկաստան։ Շատ խիստ բռնագրավումներ կան։
Ղարաբաղի ժողովրդից գրավված են 9800 փութ ցորեն, 5900 եղջյուրավոր անասուններ։ Հավաքում են պետական տուրքի ապառիկները ամենախիստ միջոցներով, դրամի փոխարեն գրավում են տնային բոլոր տեսակի իրեղենները։ Այս բոլորը պատմողն ինքը «նաչալնիկ միլիցիան» է, որ իր ձեռքով է գանձել տված։ Պարծենում է, որ Զանգեզուրի շրջանում հարյուրներով վերմակներ կան դիզված։ ժողովուրդը թողած իր տունը, ընտանիքը, զավակները, ով որ կարողանում է, իր գլուխն է ազատում։
Բաքվից գալիս է հայտնի Բագիրովը մի քանի հարյուր ռուսական զինվորներով և ճառախոսում է.-Պրոլետար ընկերներ խորհրդային իշխանության անունից եմ խոսում ձեզ հետ։ Նրանք, որ ձերբակալված կամ փախած են, մեր թշնամիներն են, դեռ շատերը կան, որ պիտի ձերբեակալվեն։ …Ամբողջ լեռնահայաստանի սարերը դարձել են փախստականների բնակավայրեր։ Երբ մութը վրա է հասնում, կարծես թե աստղազարդ երկինք լինի սարերը՝ ամեն կողմերում լույսեր են երևում և ամեն կողմից երբեմն-երբեմն համազարկերի ձայներ են լսվում»668։
Ազատագրական շարժման գործիչները Շուշիի շրջանում պահեստ-արհեստանոց էին կազմակերպել։ 1930թ. արտակարգ հանձնաժողովի կողմից ձերբակալվել են 17 զինագործ վարպետներ։ Առգրավվել է 6 թնդանոթ, 30 գնդացիրներ և այլ տեսակի զենքեր ու զինամթերք։ Ապստամբել էին Խծաբերդի բնակիչները։ Զորքերը փորձել են ճնշել այն, բայց սկզբում չի հաջողվել։ Լեռնային Ղարաբաղում համաժողովրդական հուզումները ճնշելու համար Բաքվից մեծ քանակությամբ զորքեր են տեղափոխել669։
1931 թվականին մարզկոմի ղեկավարությունը մեղադրվեց նացիոնալիզմի, նացիոնալ-ուկլոնիզմի, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու փորձերի և դաշնակցական գաղափարների դեմ չպայքարելու մեջ670։ Մարզային և շրջանային մի շարք գործիչների անհիմն բռնադատել են։ Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմը բազմիցս քննարկել է ղարաբաղյան շարժման հետ կապված հարցեր