Այս էջը հաստատված է

Սումգայիթյան ոճրագործությունը ոչ միայն չընկճեց հայ ժողովրդին, այլ ընդհակառակը, նրան էլ ավելի համախմբեց իր ազգային նպատակների իրագործման գաղափարի շուրջը։

Ալեկոծվեց նաև հայկական սփյուռքը։ Բազմաթիվ միտինգներ ու ցույցեր են տեղի ունեցել Լոս-Անջելեսում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, Փարիզում, Մոնրեալում, Տորոնտոյում, Աթենքում, Բուենոս Այրեսում, Բեյրութում, Սիդնեյում և արտասահմանյան շատ այլ քաղաքներում։ «Հայ ժողովուրդը, մայր հայրենիքում լինի, թէ սփիւռքում, աննախընթաց համախմբուածութեամբ գումարւում էր իր սրբազան Դատի անբաժանելի մասնիկ արցախական պահանջատիրութեան շուրջը, այս աշխարհի հզօրները լուռ համախոհութեամբ Հայկական հարցի արդարացի պոռթկումը մի անգամ եւս դատակնքում էին մերժողական վճռով։ … Որովհետեւ սփիւռքահայութիւնը պատմական իր դժնի ճակատագրի բերումով առաւել իրաւասու ներկայացուցիչն է հայկական համապարփակ պահանջատիրութիան, առաւել անկաշկանդ ու ազատ, հետեւաբար առաւել վճռականօրէն եւ ներգործունօրէն դիրքորոշուելու ու շարժուելու ընդունակ ներկայացուցիչը, որից հայ ժողովրդի կեանքի ու գոյավի­ճակի մերօրյա դասաւորութիւնը պահանջում է ոչ թէ կրաւորական հետեւորդ, այլ հայրենահայութեան կողքին լիիրաւ եւ հաւասարազօր ուղորդ լինել Հայաշարժի հրամայականօրէն կենսական երթում»681։

Բայց կենտրոնը անդրդվելի էր։ Նա ոչ միայն շարունակում էր բացահայտ հակահայկական դիրք գրավել, այլև ձգտում էր ամեն կերպ հավասարման նշան դնել Ադրբեջանում ու Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև։ 1988թ մարտին խորհրդային բանակը մտցվեց Երևան։

Ոգևորվելով կենտրոնական իշխանությունների թողտվությու­նից՝ Ադրբեջանի ղեկավարությունը Բաքվից, Կիրովաբադից, Շամխորից, Խանլարից, Դաշքեսանից և հայաշատ այլ վայրերից 1988թ կեսերից կազմակերպեց հայերի բռնագաղթ։ Վտանգված էր նաև ԼՂԻՄ-ի հայ բնակչության ֆիզիկական գոյությունը։ Հայ ժողովուրդը իր եղբայրներին պետականորեն սատար կանգնելու նպատակով, իր իսկ ճնշման տակ 1988թ հունիսի 15-ին տեղի ունեցած Հայ­կական