Այս էջը հաստատված է

ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը քննարկեց և համաձայնություն տվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու վերաբերյալ մարզային խորհրդի որոշմանը։ Միաժամանակ հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանը դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ քննարկել և դրականորեն լուծել այդ հարցը682։

Հայկական ԽՍՀ օրենսդիր գերագույն մարմնի նման գործելակերպը անակնկալի բերեց Կրեմլի տերերին։ Քիչ անց՝ 1988թ հուլի­սի 18-ին, Մոսկվայում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը քննարկեց Լեռնային Ղարաբաղի մասին Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդների որոշումների հարցը։ Նախապես մշակված ծրագրով, դատապարտելով հայ ժողովրդի արդարացի պահանջը, Գորբաչովը և ԽՍՀՄ մյուս բարձ­րաստիճան պաշտոնյաները այն որակեցին որպես վերակառուցման դեմ ուղղված և ԽՍՀՄ սահմանային վերաձևմանը ձգտող մտացածին քայլ։ Ուստի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը, հիմնվելով երկրի սահմանադրության 78-րդ հոդվածի վրա, մերժեց Լեռնային Ղարաբաղի մարզային և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի խնդրանքը683։

Սակայն հուսախաբություն և խոր հիասթափություն ապրած հայ ժողովուրդը ոչ միայն չընդունեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերջնական փակմանն ուղղված կենտրոնի այս ճիգը ևս, այլև նոր թափով շարունակեց իր ազգային ազատագրական պայ­քարը։

Վերսկսվեցին հայ բնակչության ցույցերն ու հանրահավաքները։

Իրադարձությունները այլ ընթացքով էին զարգանում Ադրբեջանում։ Այստեղ տիրող անպատժելիության մթնոլորտի հետևանքով 1988թ կեսերից աստիճանաբար ուժեղանում էին բռնությունները հայերի նկատմամբ։ Ադրբեջանում կազմակերպվող հանրահավաքներում, մամուլում, ռադիոյում և հեռուստատեսությամբ հնչող գրավոր և բանավոր ելույթներում ժողովուրդների «եղբայրության», «բարեկամության», «ինտերնացիոնալիզմի» մասին կարգախոսները ու­ղեկցվում էին «հայերին խոշտանգելու», «սպանելու» կոչերով։ Մարզում ապօրինի գրանցումները շարունակելու հետ մեկտեղ, հաճախակի