Այս էջը հաստատված է

գտնվում է իրենց ձեռքին, մինչդեռ գերությունից ազատված Ղազանչեցոց եկեղեցում հայորդիները մոմեր վառելով աղոթում էին աստվածահաճ այդ հաղթանակի համար։

Պետք է նշել, որ ադրբեջանցիներին հաջողվեց մայիսի 10-ին գրավել Ասկերանի շրջանի Աղբուլաղ, Նախիջևանիկ, Փիրջամալ, Արամզամին և Միրզաբույն գյուղերը՝ թուրքավարի հրո ճարակ դարձնելով դրանք։ Սակայն դա մի պահ էր, հայկական ուժերը ուշ­քի գալով հետ շպրտեցին թշնամուն։

Դեռ ավելին, մայիսի 16-18-ը ԼՂ ինքնապաշտպանական զո­րամասերը ազատագրեցին Լիսագորն ու Բերդաձորը, Լաչինն ու նրա շրջակա գյուղերը։ Ավարտվեց արցախյան պատերազմի առաջին փուլը։ Նախկին ԼՂԻՄ-ի տարածքը մաքրվեց թշնամուց։ Կյանքի կոչվեց երկու հայկական հանրապետություններն իրար կապող ճանապարհը, որը ընդունված է կոչել նաև «հումանիտար միջանցք»։ Ոգևորված այս հաջողություններով, արցախյան բանակը, որի անձնակազմը բավականին հոսուն էր, ինքնահանգստացման խոր թմբիրի մեջ մտավ։ Մինչդեռ անարգ թշնամին նոր դավեր էր նյութում։ Կրկին կյանքի կոչվեց թուրքական գործելակերպը, այն է, ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելը։

Օգտագործելով Գյանջա քաղաքում տեղակայված նախկին խորհրդային IV բանակի ուժերը՝ հունիսի 12-ին ազերի զորամիավորումները լայնածավալ հարձակման անցան ԼՂ հյուսիս-արևելյան, արևելյան և հարավ-արևելյան սահմանների ամբողջ երկարու­թյամբ՝ Հադրութից մինչև Շահումյան։ Թշնամուն հաջողվեց զավթել ամբողջ Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մեծ մասը, Ասկերանի շրջանի մի շարք գյուղեր։ Սկսեց հայոց նոր գողգոթան։ Փախստականների քարավանը, տեղի և անտեղի, վախի ու սարսափի հիստերիան փոխանցելով հարևան բնակավայրերին, բռնել էին Շահումյանից Ստեփանակերտ և այնտեղից էլ Երևան ձգող ճանապարհը։ Շշմեցուցիչ հարվածից ուշքի գալով՝ Արցախի ինքնապաշտպաններին հաջողվեց կարճ ժամանակահատվածում՝ հուլիսի 11-22-ը թշնամուց ետ խլել Կուսապատ, Սեհմանա, Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մոխրաթաղ, Հաթերք, Զարդախաչ, Իմերեթ Քերեվենդ, Չափար գյուղերը։ Սակայն օգոստոսին վարձկան զորամիավորումների