Այս էջը հաստատված է

Շուրաբաղ, Քեշիշբեյլի և այլ բնակավայրերում։ Մարտակերում անհաջողության մատնված գազազած թշնամին մարտ–ապրիլ ամիս­ներին խաղաղ բնակչությանը ահաբեկելու նպատակով գրոհային ինքնաթիռներով սկսեց ռմբակոծել հայկական բնակավայրերը։

Ազերիների ձմեռային արշավանքը ձախողվեց, որն էլ ստիպեց հարևան հանրապետության ղեկավարներին նստելու բանակցու­թյունների սեղանի շուրջը։ Ռուսաստանի դաշնության պաշտպա­նության նախարար Պավել Գրաչովի միջնորդությամբ 1994 թ. մայիսին Մոսկվայում Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովի, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի միջև բանակցությունները ավարտվեցին մայիսի 14-ից զինադադարի հաստատումով։

Բանակցությունների հենց սկզբից ադրբեջանական կողմը առաջ քաշեց իրեն ձեռնտու մի շարք նախապայմաններ։ Սակայն հանդիպելով հակառակ կողմի միանշանակ դիրքորոշմանը՝ այդպես էլ չհասավ իր նպատակին ու առանց համաձայնագիրը ստորագրելու, Մոսկվայից մեկնեց Բաքու։ Սակայն հետագայում, հուլիսի 27-ին Մամեդովը ստիպված իր ստորագրությունը դրեց հրադադարի համաձայնագրի տակ։

Ղարաբաղյան հակամարտությունը թևակոխեց իր հերթական բանակցային գործընթացի փուլը։ Արցախահայությունը, իր կամքի, համառության ու համախմբվածության շնորհիվ լուծելով իր հիմնահարցը, ձեռնամուխ է լինում իր նորօրյա պետականության կերտման գործին։ Դրա առհավատչյան է հանդիսանում նաև 2002 թվականի օգոստոսի 11-ի նախագահական ընտրությունները։ ԼՂՀ նախազահ վերընտրվեց Ա.Ա.Ղուկասյանը։