Այս էջը հաստատված է

Նրանցից ոմանք դարձան անվանի գիտնականներ, այդ թվում ակադեմիկոս Արտաշես Առաքելյանը, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Գուրգեն Քամալյանը, Գուրգեն Շաքարյանը, Միքայել Առաքելյանը, Երեմ Սաֆարյանը, Վերդի Հակոբյանը, Գեորգի Հակոբյանը, տնտեսագիտության դոկ­տոր Հրաչիկ Փարամազյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր Սուրեն Բարխուդարյանը և ուրիշներ։

Ուսուցչական կադրերի կատարելագործման ու մարզի ուսուցիչ­ներին մեթոդական օգնություն ցույց տալու համար 1963թ. Ստեփանակերտում բացվել էր ուսուցիչների կատարելագործման մարզային ինստիտուտը, որն ուներ 17 կաբինետ։ Ամեն տարի կատարելագործման ինստիտուտի դասընթացներով անցնում էին 200-ից ավե­լի ուսուցիչներ։ Այս գործում կարևոր դեր կատարեց նաև Ստեփանակերտի երկամյա մանկավարժական ինստիտուտը։

ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառների մաս­նագետների պատրաստման գործում մի նոր էջ գրեց Արցախի պետական համալսարանը։

1969թ. Ադրբեջանի կառավարության որոշմամբ փակվեց Բաքվի Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայ­կական բաժինը և տեղափոխվեց Ստեփանակերտ, սակայն, արդեն երեք բաժիններով՝ հայկական, ադրբեջանական, ռուսական։ Փաս­տորեն, դա նշանակում էր հայաշունչ Բաքվից օտարել հայոց լեզուն, իսկ Ղարաբաղում նախադեպ ստեղծել ադրբեջաներենի մասսայականացման և ազերի մտավորականության արմատավորման համար։ Նման ձևով հիմնվեց Ադրբեջանի Վ.Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը։ Դրա հիման վրա 1974թ. ստեղծվեց Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը։ Արցախյան շարժման տարիներին՝ 1989թ. այն դարձավ Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի բաժանմունք։ Ղարաբաղյան պատերազմի թեժ պահին՝ 1992թ., արցախահայությունը, հավատարիմ իր լավագույն ավանդույթներին, վերոհիշյալ բուհի և Հայաստանի ճարտարագի­տական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի հիմքերի վրա հիմնադրեց Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանը։