Այս էջը հաստատված է

1928թ. մարտին կազմակերպվեց Լեռնային Ղարաբաղի գրողների ասոցիացիան, որը Հայրենական Մեծ պատերազմից հետո վե­րանվանվեց գրողների մարզային բաժանմունքի։

Երեսունական թվականներին տպագրվել են Հակոբ Աթալյանի, Աշոտ Ուլուբաբյանի, Իսրայել Պետրոսյանի, Գր. Մովսիսյանի, Արմո Խաչումյանի և ուրիշների ստեղծագործությունները։

1960-ական թվականներից առ այսօր իրենց ստեղծագործություններով աչքի ընկան բանաստեղծներ Ս.Խանյանը, Վ. Հակո­բյանը, Գ. Գաբրիելյանը, Հր. Բեգլարյանը, Ա. Հովհաննիսյանը, Ռ.Եսայանը, արձակագիրներ Վ. Օվյանը, Ի. Ալավերդյանը, Մ. Հով­հաննիսյանը, Կ. Դանիելյանը։

Կոմունիստական գաղափարախոսության հեղձուցիչ մթնոլոր­տը զրկեց գրողներին ազատ ստեղծագործելու հնարավորությունից։ Պրոլետարական ինտերնացիոնալիզմի, սոցիալիստական ապրելակերպի պարտադիր գովերգումն ու կոմունիզմ կառուցողի գաղափարաբարոյական կերպարի կերտումը խանգարում էր գրողներին լիարժեք ներկայացնելու իրողությունը, բացահայտելու հասարակության մեջ գոյություն ունեցող հոռի բարքերն ու սովորությունները։

Գեղարվեստական խոսքի զարգացման և հասարակական կյանքի աշխուժացման համար կարևոր նշանակություն ուներ հրատարակչական գործի կազմակերպումը։ 1925թ. Ստեփանակերտում ստեղծվեց տպարան։ Հետագա տարիներին մարզի շրջկենտրոններում հիմնվեցին նոր տպարաններ։

Խորհրդային իշխանության առաջին իսկ օրերին Լեռնային Ղարաբաղում փակվեցին տարբեր կուսակցությունների, կազմա կերպությունների և հոսանքների թերթերը, ազգայնացվեցին մասնավոր տպարանները։

Փաստորեն, վերացվեց բացախոսությունը և նոր հրատարակվող թերթերում տիրում էր համատարած միակարծությունը։

1920/21 թվականներին Շուշիում լույս տեսավ «Կավկազսկայա կոմունա» թերթիկը։ 1920 թվականի հոկտեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի կեսերը լույս տեսավ Ղարաբաղի արտակարգ կոմիսարիատի «Ղարաբաղի չքավորություն» պաշտոնաթերթը՝ ադրբեջաներեն լեզվով։ 1923թ. ապրիլի 4-ից Շուշիում սկսեց հրատարակվել