Այս էջը հաստատված է

թագավոր Զարդմանոսին ու բնակչության մեծ զանգվածներ։ Այն հանգամանքը, որ այստեղ Կասբից երկիրը (Ստրաբոնի Կասպիանեն) դիտվում է որպես հայկական պետության ապստամբած մաս և ոչ նվաճվող երկիր, թերևս արտացոլումն է այն իրողության, որ հայ­կական էթնոսը արդեն նախապես տարածված էր այս երկրամասում։ Ուստի և նրա քաղաքական միավորումը հայկական պետու­թյան հետ կարող էր ընկալվել որպես վերամիավորում։

Պատահական չէ, որ Ստրաբոնը, խոսելով Արցախի մասին, պատմում է, որ այն չի սահմանակցվում հարևան երկրների հետ և գտնվում է Մեծ Հայքի խորքում։ Ըստ Ստրաբոնի՝ Արցախը (Օրխիստինան) այդ ժամանակ արտահանում էր մեծաքանակ պատերազ­մական ձիեր65։ Ստրաբոնը մ.թ.ա. 1-ին դարի և մ.թ. արշալույսի Հայաստանը նկարագրելով որպես ականատես, նրա կազմի մեջ ներ­կայացրել է Շակաշեն-Ուտիքը և Օրխիստինա-Արցախը՝ որպես այդ երկրի բուն նահանգներ։ «Կիրը(Կուր),− գրել է նա,− սկիզբ է առնում Հայաստանում, նեղ գետահովտով հոսում է դեպի Ալբանիան՝ Առատաջուր և հախուռն անցնելով նրա և Հայաստանի միջով»66։

Ստրաբոնի հաղորդած տեղեկությունները հնարավորություն են տալիս որոշելու պատմական Հայաստանի հյուսիս-արևելյան սահ­մանները։ Հյուբշմանը գտնում է, որ Հայաստանը Արտաշեսի օրոք իր մեջ բովանդակում էր Փայտակարանը, Սյունիքը, Վասպուրականը, Այրարատը, Գուգարքը, Տայքը, Բարձր Հայքը, Տուրուբերանը, Չորրորդ Հայքը, Աղձնիքը, Մոկքը, Կորճայքի մի մասը, Ուտին ու Արցախը, այսինքն՝ հնագույն Հայաստանի 15 նահանգներից 13-ը67։ Հույն պատմիչը վկայում է, որ Ք.ա. 2-րդ դարում Հայաստանի բնակչությունը միալեզու էր68, այսինքն՝ հայալեզու։

Ստրաբոնի վկայությունները հաստատում են Մովսես Խորենացու տեղեկություններով։ Պատմահայրն ասում է՝ Վաղարշակ ավանդական արքայի (Արտաշեսի) օրոք Հայոց պետության սահ­մանները գծվեցին «զեզերբ հայկական խօսիցս», այսինքն՝ հայոց լեզվի տարածման սահմաններով։ Շարունակելով իր միտքը, Մ.Խորենացին հաղորդում է, թե ինչպես Վաղարշակ-Արտաշեսը կարգավորում է իր արքունիքը, ստեղծում գործակալություններ, նահանգ­ներում նշանակում կառավարիչներ։ Արտաշեսը Հայկի սերնդից Առանին