Այս էջը հաստատված է

կարգեց Կուրի և Արաքսի միջագետքի, այսինքն՝ Արցախի և Ուտիքի կուսակալ։ «Աշխարհն էլ Աղվանք կոչվեց,− գրում է պատմահայրը, նրա քաղցր բնավորության պատճառով, որովհետև նրան աղու էին ասում»69։

Լեոն, խոսելով հայոց պետականության գոյության համար վե­րոհիշյալ գավառների ռազմավարական նշանակության մասին, գրել է. «…առանց Ղարաբաղի լեռնաստանի անհնարին է երևակայել Հայաստանի սրտի՝ այն է՝ Արարատյան երկրի պաշտպանոթյունը հյուսիսային և արևելյան տափաստաններից, Ղարաբաղը անմիջական շարունակությունն է այն հզոր պաշտպանողական պատվարի, որ ներկայացնում է Գուգարքը (այժմյան Լոռին և հարակից գավառները)։ Եվ այս է պատճառը, որ հայկական պետության հիմնադիրներ հանդիսացած Արտաշեսն ու Տիգրանը Գուգարքի հետ միասին Հայաստանի սահմանների մեջ են մտցրել և Ուտին, Արցախն ու Սյունիքը»70։ «Արտաշեսի սերնդից էր,− ասում է Ստրաբոնը,− Տիգրանը. նա իշխում էր բուն Արմենիայում, որը սահմանակից էր Մարաստանին, Աղվանքին, Իբերիային մինչև Կողքիս և Սև ծովի մոտ գտնվող Կապադովկիային»71։ Տիգրան Բ Մեծը, շարունակելով իր պապի՝ Արտաշես Ա-ի կիսատ թողած գործը, առավել ընդարձակեց տերության սահմանները՝ ստեղծելով ծովից ծով Հայաստան։ Նա ոչ միայն ամրապնդեց իր նախորդների ստեղծած միասնական հայկական պետությունը, այլև նրա քաղաքական ազդեցության տակ առավ հարևան երկրները։ «Հայաստան աշխար­հագրական գաղափարը,վ ասում է Հյուբշմանը,− հաստատուն կեր­պով զարգացավ Տիգրանի ժամանակ, որն առաջին անգամ Հայաս­տանին միացրեց Ծոփքն ու Կորդուքը։ Հաջորդ դարերին այս զաղափարը տիրող մնաց հայերի մոտ, թեև քաղաքական հարաբերությունները միշտ նույն գաղափարին չէին համապատասխանում։ Եթե հարավային նահանգները պարսիկներին էին անցնում, արևմտյանը՝ հույներին, հյուսիսայինները՝ վրացիներին կամ աղվաններին, և եթե հռոմեացիներն ու պարսիկները երկիրը իրենց մեջ էին բաժանում՝ Հայաստանը հայերի համար միշտ այն երկիրն էր համարվում, որը հին բացատրությամբ- իր սահմաններն ուներ հարավից Մասիս լեռը (ի նկատի ունի Տավրոսը, որ Հայաստանը բաժանում