Այս էջը հաստատված է

Միջագետքից,- Ստրաբոն), արևելքից՝ Ատրպատականն ու Մեդիան, հյուսիսից՝ Կասպից ծովի կողմերը գտնվող Պարաքռաթրյան լեռները՝ Վրաստանը, Աղվանքը և Կովկասը՝ Մոսքյան և Կողքիսյան լեռներով, արևմուտքից՝ Պարխարը և Սկյուդիսեսը, Փոքր Հայքն ու Եփրատը, (որը Հայաստանը բաժանում էր Կապադովկիայից և Կոմմագենից)»72։

Լայնածավալ տերությունը ներքաշվեց հելլենիստական մշակույթի ոլորտը, որի բնորոշ գծերից մեկը քաղաքաշինությունն էր։ Տիգրան Բ Մեծը բուն Հայաստանում կառուցեց չորս քաղաքներ և նրանք կոչեց իր անունով՝ Տիգրանակերտ։ Դրանցից մեկը գտնվում է Արցախում՝ Աղդամից ոչ շատ հեռու և որի հիմքերը առ այսօր պահպանվում են։

Տիգրան Բ Մեծը, ունենալով հզոր բանակ, անխաթար էր պահում երկրի սահմանները։ Մ.Խորենացին պատմում է, որ երբ Տիգրանը գտնվում էր տերության հարավային սահմաններում, լսում է, «թե Վայկուն անունով մի ելուզակ վրդովում է Հայոց աշխարհը, գրավե­լով այն ամուր լեռը, որ մինչև այսօր էլ այդ ելուզակի անունով կոչ­վում էր Վայկունիք»73։ Ամենայն հավանականությամբ, պատմահոր ներկայացրած Վայկունիքը, Արցախի Վայկունիք-Քարավաճառ գավառն է։

Ցավոք, հայ և օտար աղբյուրները Հայաստանի սահմանների, երկրի ու նրա բնակչության ազգագրական վիճակի մասին ամենայն մանրամասնությամբ խոսելով հանդերձ, շատ քիչ տեղեկություններ են հաղորդում Երվանդունիների և Արտաշեսյանների ժամանակ Հայոց Արևելից նահանգների ժողովրդի ներքին կյանքի, նրա մշակույթի և նիստ ու կացի մասին։