Այս էջը հաստատված է

կճուճներ և այլ իրեր։ Ուրարտական ժամանակաշրջանին են վերագրվում նաև կարասային թաղումները, որոնք առավել մասսայական բնույթ են ստացել հետագայում Ք.ա. 3-1-ին դդ։ Թաղ­ման, նաև տարբեր տեսակի մթերքներ պահելու համար պատրաստված խոշոր չափսերի կարասները նույնպես վկայում են Արցախում խեցեգործության լայն կիրառման ու զարգացման մասին։

Ուշագրավ են Արցախի տարածքում գտնված զենքատեսակները՝ դաշույնները, նիզակները, երկճյուղ եղանը, կացինները, հրթիռանման գուրզերը և բազմաբնույթ զարդարանքները՝ մանյակները, ուլունքները, մատանիները, կոճակները, զարդաքորոցները, ականջօղերը, հերակալները, զանգակաձև, վրան ձևավոր անցքերով տարբեր չափսերի մեդալիոնները, գինդերկախիկները, ականջօղերը, փորագիր պատկերներով բրոնզե գոտիները։ Առանձնակի հե­տաքրքրություն են ներկայացնում բրոնզե ապարանջանները, որոնց ծայրերը օձանման գլխիկներ ունեն, իսկ օձը նախկինում խոր­հրդանշում էր վերածննդի, իմաստության ու հավերժության զաղափարը։

Ագաթից, սարդիոնից, սաթից ամենատարբեր ուլունքաշարերով հարուստ են Արցախի դամբարանները, ինչը փաստում է դրանց տե­ղական ծագման ու լայն գործածության մասին։ 1890-ական թվականներին Էմիլ Ռյոսլերը Խոջալլուի դամբարանադաշտից հայտնաբերել է արծաթե ուշագրավ ուլունք, որի վրա կա արձանագրու­թյուն՝ Ասորեստանի Ադադնիրարի 1-ին (1310-1282 Ք.ա.) արքայի անվան հիշատակությամբ։ Ուլունքը պահվում է Պետերբուրգի Էրմիտաժում։

Արդուզարդի հետ առնչվում են նաև մետաղյա հայելիները, որոնք նույնպես լայն տարածում են ունեցել անտիկ աշխարհում և հաճախ են հանդիպում Արցախի դամբարաններում։

Հայկական լեռնաշխարհում, այդ թվում Արցախում, քարի բազ­մատեսակ հարուստ պաշարների գոյությունը բարենպաստ պայ­մաններ է ստեղծել ճարտարապետական կառուցողական արվես­տի զարգացման համար։ Դեռևս հնագույն ժամանակներից հայ մարդը, դիմելով քարի օգնությանը, մշակել է խիստ պարզ ու անկատար, սակայն իմաստավորվածությունից ոչ զուրկ կառուցվածքներ։