Այս էջը հաստատված է

բնակարաններն ու տնտեսական շինությունները վկայում են, որ այդ բլրին ժամանակին եղել է բնակավայր, որը մոտովորապես I-III դարերում վեր է ածվել բերդավանի։

Արցախի բարդ ռելիեֆը թելադրել է առանձին բնակավայրերում բնակարանը կառուցել գետնի կամ ժայռերի մեջ՝ ամբողջովին կամ կիսաթաղ վիճակում։ Սենյակների չափերի մեծության դեպքում նրանց քարե ծածկերը հենվել են փայտյա սյուներից ու հեծաններից կազմված հիմնակազմիչ համակարգի վրա։ Քարակերտ նման բնակարանները հանդիպում են շրջանաձև, օվալաձև և ուղղան­կյուն (Քաշաթաղ, Քարավաճառ, Բերդաձոր, Հադրութ, դաշտային Ղարաբաղ) հատակագծերով։ Առաջանալով էնեոլիթի վերջին շրջանում, դրանք հաջորդ դարաշրջանններում որոշ կատարելագործ­ման են ենթարկվել՝ սենյակների չափերի ու կազմի, ինչպես և գործադրած շինարվեստի տեսակետից:

Հայկական շինարարական ավանդույթների հետագա զարգաց­ման ու զգալի կատարելագործման հիմքերի վրա Հայաստանի տարբեր հատվածներում կառուցվել են տասնյակ քաղաքներ, քաղաքատիպ ավաններ, պալատներ, տաճարներ, կամուրջներ, հյու­րանոցներ, թատրոններ, բաղնիքներ։

«Նոր քաղաքների ծաղկումը,- գրել է Ս. Երեմյանը,- որոնք ար­դեն ոչ միայն ռազմավարչական, այլև առևտրաարհեստագործական կենտրոններ էին, քաղաքներ բառի բուն իմաստով, սկսվում է Ք.ա. 3-1-ին դդ.»80։

Հայկական քաղաքները կառուցվում էին կարևոր ճանապարհ­ների վրա՝ բացառապես պետական միջոցներով ու թագավորական քաղաքներ էին։

Սակայն, տարաբախտաբար, այդ հուշարձաններից միայն հազվագյուտ նմուշներ են հասել մեզ։

Հայոց Տիգրան Մեծ արքայի (Ք.ա. 95-55թթ.) կողմից հիմնված և իր իսկ անունը կրող 4 քաղաքներից մեկը գտնվում է Արցախի Շահբուլաղ ամրոցից հյուսիս-արևելք՝ Վանքասարի ստորոտում՝ Թարնոյուտ (Թառնագյուտ) գյուղի կամ Գյավուրղալա քաղաքատեղիի տարածքում։ Տիգրանակերտը շարունակել է գոյատևել նաև վաղ միջնադարում81։